Ընդունելություն ՀՀ սփյուռքի նախարարի մոտ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/07/ggg1.jpg)
Հուլիսի 13-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց թատերագիր, Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Նյու-Յորքի Ս. Ներսես ընծայարանի դասախոս, պրոֆեսոր Հրանտ Մարգարյանին և նրա տիկնոջը՝ բժշկական գիտությունների դոկտոր, ՀՕՄ գործուն անդամ, պրոֆեսոր Ժանեթ Մարգարյանին՝ ուղեկցությամբ ՀՕՄ շրջանային վարչության անդամներ Դիաննա Հովսեփյանի և Շուշան Շուշանյանի:
Զրույցի ընթացքում պրոֆեսոր Մարգարյանը նախարարին ներկայացրեց իր «Նահատակ հայ գրողներ. 1915-1922 թթ.» անգլերեն ուսումնասիրությունը, որի 2-րդ հրատարակությունը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նա տեղեկացրեց նաև, որ այդ թեմային նվիրված ավելի քան 35 դասախոսություն է իրականացրել ԱՄՆ-ի տարբեր համալսարաններում և հանրային լսարաններում:
Շնորհավորելով Հ. Մարգարյանին գրքի վերահրատարակության և իրականացրած դասախոսությունների շարքի առթիվ՝ նախարար Հրանուշ Հակոբյանն առաջարկեց Հայաստանում կազմակերպել գրքի շնորհանդեսը՝ որպես յուրահատուկ հարգանքի տուրք նահատակ գրողների հիշատակին:
Քննարկվեցին հոկտեմբերի սկզբին սփյուռքի նախարարության աջակցությամբ Երևանում անցկացվող ՀՕՄ-ի պատգամավորական ժողովի նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր: