ՀԲԸՄ-ի կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի շրջանակներում Հայաստանում գտնվող 16 հայ ուսանողներ այցելեցին ՀՀ սփյուռքի նախարարություն

Հունիսի 3-ին ՀԲԸՄ-ի կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի շրջանակներում Հայաստանում գտնվող 16 հայ ուսանողները (ԱՄՆ-ից, Լիբանանից, Ռուսաստանից և Ֆրանսիայից) այցելեցին ՀՀ սփյուռքի նախարարություն:

Ծրագրի նպատակն է աշխարհասփյուռ հայ երիտասարդությանը մասնագիտական և գործնական փորձի ձեռքբերման հնարավորություն տալ Հայրենիքում՝ միաժամանակ միմյանց հետ մերձեցնելով աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հայ երիտասարդներին: Փորձի փոխանակման ամառային այս ծրագիրը հիմնվել և արդեն 20 տարի ակտիվ գործում է Նյու Յորքում, 6 տարի՝ Փարիզում, 2015թ.-ից  մեկնարկել է նաև Լոնդոնում:

Սփյուռքահայ ուսանողների հետ հանդիպեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: Նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը փոխանցելով երիտասարդներին՝ Ս.Սրապիոնյանը նշեց. «Անցյալ տարի ևս մենք սիրով հյուրընկալեցինք ծրագրի մասնակից հայ տաղանդավոր ուսանողների: Մեր նախարարությունը ձեր  առաջին հանգրվանն է Հայրենիքում»:

Նախարարի տեղակալի գնահատմամբ 2015 թվականն առանձնանում է նրանով, որ լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, և Հայոց պետությունը փորձում է մեծ ոճրագործության ճանաչմամբ և դատապարտմամբ նպաստել, որ ամբողջ աշխարհը ձերբազատվի նման կորուստներից:

Ս.Սրապիոնյանը ուսանողներին փոխանցեց նախարարի խոսքը՝ հայ է նա, ով իրեն հայ է զգում, և նշեց, որ նախարարությունը բոլոր ջանքերը կներդնի, որպեսզի ուսանողները Հայրենիքում ստանան համապարփակ և ամբողջական գիտելիքներ ազգային պատմամշակույթային ու հոգևոր արժեքների մասին:

Այնուհետև ուսանողները դիտեցին ՀՀ սփյուռքի նախարարության կատարած աշխատանքների և ծրագրերի մասին պատմող տեսանյութ, որից հետո Ս.Սրապիոնյանը պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին:

Սփյուռքահայ ուսանողները ՀՀ ՍՆ գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Ս.Համբարյանի ուղեկցությամբ եղան նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում, ծանոթացան գերատեսչության կառուցվածքին և իրականացվող աշխատանքներին:

Scroll Up