«Արի տուն-2015»-ի մասնակից. Երբ հայտնվեցի Ծիծեռնակաբերդում, հուզմունքս չէի կարողանում զսպել

«Հայերն այսօրի» զրուցակիցը ՀՀ սփյուռքի  նախարարության Սփյուռքի երիտասարդների  հայրենաճանաչության  «Արի տուն»  ծրագրի  2-րդ փուլի մասնակից  վրացաբնակ Արմինե Քոսյանն է:

 Արմինեն  մեզ հետ կիսվեց իր երազանքներով, ինչպես նաև պատմեց «Արի տուն» ծրագրից տպավորությունները:

-Արմինե՛,  կպատմե՞ս քո մասին:

-14 տարեկան, ապրում եմ Վրաստանի Ախալքալաք քաղաքում: Հաճախում եմ տեղի հայկական՝ Կուլիկանի անվան հանրային դպրոցը: Սպորտաձևերից շատ եմ սիրում լողը: Այդ պատճառով էլ լողի պարապմունքների եմ գնում:

Մեր դպրոցում հայ ժողովրդի պատմություն առարկան չեն դասավանդում, ուստի որոշեցի այդ բացը լրացնելու համար համապատասխան խմբակ գնալ: Օրը Ախալքալաքում փորձում եմ հետաքրքիր դարձնել. ընկերներիս հետ շրջում ենք քաղաքով, զրուցում տարբեր թեմաների շուրջ:

-Իսկ ինչպե՞ս որոշեցիր մասնակցել «Արի տուն» ծրագրին:

-Միշտ լսել եմ այս ծրագրի մասին: Շրջապատիցս տարբեր երեխաներ են եկել մասնակցելու և շատ գոհ են մնացել: Երազանքս  Ծիծեռնակաբերդի  հուշահամալիրը տեսնելն էր: Կարելի է ասել՝ հենց դա էր պատճառը, որ ցանկացա «Արի տուն»  ծրագրին մասնակցել: Երբ արդեն հայտնվեցի Ծիծեռնակաբերդում, հուզմունքս չէի կարողանում զսպել: Միևնույն ժամանակ գիտակցում էի, որ երազանքս ի վերջո կատարվեց: Չէի եղել նաև Սարդարապատում, այդ բացն էլ լրացրեցի, ինչի համար շնորհակալ եմ ՀՀ սփյուռքի նախարարությանը:

  Ուրախ եմ, որ նոր ընկերներ ձեռք բերեցի, բոլորն էլ լավն են ու բարի: Իրար հետ ծրագրի ավարտից հետո կապը պահպանելու ենք և դեռ ավելի ամրապնդեք:

-Ի՞նչն ես ամենից շատ սիրում Հայաստանում:

– Ինձ միշտ ձգում է Հայաստան գալը, փորձում եմ ամեն հնարավոր առիթի դեպքում գալ իմ Հայրենիք:    Ամենից շատ սիրում եմ Հանրապետության հրապարակը: Հայաստանում գտնվելու օրերիս պարտադիր լինում եմ հրապարակում, հիանում շատրվաններով: Շատ եմ սիրում հայ ժողովրդին: Հատկապես այն հանգամանքն է ինձ գրավել, որ հայերը ցանկացած հարցում պատրաստակամ են օգնելու  միմյանց:

-Արմինե՛,  որո՞նք են ապագայի հանդեպ երազանքներդ:

– Երազանքս է տեղափոխվել Հայաստան և ուսումս այստեղ շարունակել: Ի դեպ, ցանկանում եմ զինվորական դառնալ, որպեսզի պաշտպանեմ Հայրենիքս: Եղբայրս նույնպես Հայաստանում զինվորական կրթություն է ստանում:

-Կպատմես՝ Ձեր համայնքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ի՞նչ միջոցառումներ տեղի ունեցան:

-Նախ ամբողջ համայնքով ջահերով երթ կազմակերպեցինք, ապա դպրոցում անմեղ նահատակների ոգեկոչման միջոցառումներ եղան: Իհարկե, այս ամենով չի սահամանփակվում միջոցառումների իրականացումը. ամբողջ տարվա կտրվածքով կլինեն տարբեր միջոցառումներ, ձեռնարկներ և այլն:

 Ցանկանում եմ, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը, որպեսզի մեր պապենական հողերը մեզ վերադարձվեն:

Շատ եմ ուզում, որ հայ ժողովուրդն ապրի խաղաղ պայամններում, երբեք պատերազմ չտեսի և դառնա հզոր երկիր:

Զրուցեց Գևորգ Չիչյանը

Scroll Up