Թուրքերն անհանգստացած են Բելգիայի վարչապետի` Հայոց ցեղասպանություն եզրույթի կիրառումից

Բելգիայի վարչապետի կողմից 1915-17թթ. հայերի զանգվածային կոտորածները ցեղասպանություն որակելը հերթական տագնապն ու անհանգստությունն է առաջացրել թուրքական լրատվամիջոցներում:

Ըստ Ermenihaber.am-ի` էլեկտրոնային լրատվամիջոցների մեծ մասը թեման լուսաբանող հոդվածները  վերնագրել է «Բելգիայի վարչապետն նույնպես ասաց` ցեղասպանություն»:

Թուրքական «Yeniasya» կայքը, անդրադառնալով այս թեմայով բելգիական «La Soir»-ում հրապարակված լուրին,  հիշեցրել է նաև, որ ապրիլին էլ Բելգիայի արտգործնախարարն էր կիրառել ցեղասպանություն եզրաբառը:

«La Soir»-ում հրապարակված լուրում նշվում է, որ Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը հունիսի 18-ին խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում իր կառավարության անունից Օսմանյան կայսրությունում մեկ դար առաջ երիտթուրքերի կողմից կազմակերպված հայերի ջարդերն անվանել է ցեղասպանություն:

«Ես կարծում եմ, որ 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները պետք է որակվեն որպես ցեղասպանություն: Դա նաև Բերլգիայի կառավարության դիրքորոշումն է»,- հայտարարել է վարչապետը` պատասխանելով Ֆլամանդական ժողովրդական շարժման պատվավոր նախագահ, պատգամավոր, Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագծի հեղինակ Փիթեր դե Ռուվերի` այս թեմայի վերաբերյալ  հարցին:

Նշենք, որ Բելգիայի սենատը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել դեռևս 1998 թվականին:

Scroll Up