«Սոցիալիստական ինտերնացիոնալ» միավորումը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ սոցիալ դեմոկրատական կուսակցությունների «Սոցիալիստական ինտերնացիոնալ» (ՍԻ) միջազգային միավորումը պատրաստվում է քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:
Ինչպես հաղորդում է «Ասպարեզ» պարբերականը, այս մասին որոշումը «Սոցիալիստական ինտերնացիոնալ»ի խորհուրդը կայացրել է հուլիսի 6-ին ՄԱԿի նյույորքյան գրասենյակում կայացած ժողովի ժամանակ: ՍԻ գլխավոր քարտուղար Լուիս Այալան տեղեկացրել է խորհրդին, որ վերջին 2 օրը ՍԻ ղեկավարությունը խորհրդակցելիս է եղել միավորման Հայաստանի (Հայ հեղափոխական դաշնակցություն) և Թուրքիայի (Հանրապետական ժողովրդական կուսակցություն) անդամ կուսակցությունների հետ՝ համաձայնության գալու համար Ժնևյան հանդիպման ժամանակ սահմանված օրակարգի շուրջ, այն է՝ «Սոցիալիստական ինտերնացիոնալի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության խնդրի շուրջ՝ դիտարկելով դրա ճանաչումը մի քանի ազգային խորհրդարանների և գերազգային կազմակերպությունների կողմից»:
Այալայի տեղեկացմամբ՝ միավորմանը հաջողվել է համաձայնություն ձեռք բերել հարցի շուրջ: «Սոցիալիստական ինտերնացիոնալ»ը ցանկանում է կազմակերպել լսումներ կամ կլոր սեղան քննարկումներ ՀՅԴ-ի և ՀԺՊ-ի մասնակցությամբ հետևյալ հարցի շուրջ՝ «Արդյոք Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հնարավորություն կտա հայթուրքական իրական հաշտեցման համար»: