Գլեն Քովի Հոլոքոստի թանգարանը հյուրընկալել է Հայոց ցեղասպանության մասին պատմող ցուցահանդեսը

Նյու Յորքի նահանգի Գլեն Քովի Հոլոքոստի թանգարանում բացվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի խոսքով՝ ցուցահանդեսը բաղկացած է երկու մասից՝ Հայոց ցեղասպանության  լուսանկարչական պատմություններից, ԱՄՆ հումանիտար օգնության մասին պատմող Մերձավոր Արեւելյան նպաստամատույցին նվիրված ցուցադրությունից: Ցուցահանդեսին զուգահեռ ներկայացվելու է նաև Ավրորա Մարդիգանյանի մասին պատմող ֆիլմը: «Շատ կարևոր է ունենալ նման ցուցադրություն, քանի որ այն մնալու է մինչեւ սեպտեմբեր և այս երեք ամիսներից հետո տեղափոխվելու է մեկ այլ Հոլոքոստի թանգարան: Չեմ ուզում մանրամասներ փոխանցել, քանի որ դեռ բանակցությունների փուլում ենք», – Արցախպրեսի փոխանցմամբ` ասաց Սուրեն Մանուկյանը: Ցուցադրության բացմանը ներկա էին նաև ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը, Սուրբ Նահատակների հայկական եկեղեցուց Հայր Աբրահամ Մալխասյանը, տեղի հրեա համայնքի ներկայացուցիչներ և հոլոքոստը վերապրածներ: Իսկ տեղի հայկական դպրոցի սաները երեկոն զարդարեցին Կոմիտասի ստեղծագործությունների կատարմամբ:

 

Scroll Up