Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները Նիդերլանդներում

Հայոց ցեղասպանության 100-րդ  տարելիցի միջոցառումների շրջանակում  Նիդերլանդների տարբեր համայնքներում տեղի են ունեցել բողոքի հանրահավաքներ, քայլերթեր, երկրի խորհրդարանին և մի շարք դեսպանատներին հանրագրերի փոխանցումներ, ինչպես նաև լույս են ընծայվել նոր գրքեր, կազմակերպվել են համերգներ, հուշ-երեկոներ: Հոլանդահայերը այցելել են տարբեր քաղաքների Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողներ՝ գլուխ խոնարհելու և ծաղկեպսակ զետեղելու: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում է Նիդերլանդական օրագիրը:

Հաագայում ապրիլի 18-ին տեղի է ունեցել  բողոքի զանգվածային հանրահավաք  և երթ: Բազմահազարանոց քայլերթը Թուրքիայի դեսպանատուն հիշեցնում էր վշտի, ցասումի ու պահանջատիրության ուղին, որը ստիպում էր պատմության անիվը հետ շրջել:

Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումները Ասենի և Ալմելոյի Ցեղասպանությանը նվիրված հուշարձաններ այցելություններն էին, որտեղ անմեղ նահատակներին իրենց հարգանքի տուրքը մատուցեցին մոտ 5000 հայորդիներ ու բարեկամ ազգությունների ներկայացուցիչներ: Սա, ինչ խոսք, հայկական կառույցների նպատակաուղղված աշխատանքի արդյունքն է:

Այս ընթացքում համախմբված աշխատեցին հոգևոր կառույցներն ու ավանդական կուսակցությունները, նիդերլանդահայ կազմակերպությունները, որոնց ջանքերի միավորումը  օրինակելի  և ողջունելի քայլ է:

Այսուհետև Հայ դատի հարցը  յուրաքանչյուր հայի նվիրական երազանքը պետք է լինի:

Scroll Up