Նանսին՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ

Հայոց Ցեղասանության թեմայով թուրք ռեժիսոր Ֆաթիհ Ակինի The Cut ֆիլմը փետրվարի 1-ին ցուցադրվեց Նանսի քաղաքի Կամեո կինոդահլիճում: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում է Լուսինե Տերտրյանը՝ Նանսիի հայ համայնքից:

Սկսած 2012-ից, The Cut-ն արդեն երրորդ ֆիլմն է Ցեղասպանության թեմայով, որ ցուցադրվում է ֆրանսական հյուսիս-արեւելյան այս քաղաքում: Նախաձեռնության հեղինակն ու իրականացնողը Նանսիի նորաստեղծ համայնքն է: Ինչպես նշեց համայնքի ղեկավար Արթուր Ավետյանը, առաջինն իտալացի Տավիանի եղբայրների հեղինակած «Արտույտների ագարակն» էր, իսկ 2013-ին ցուցադրվել է Անրի Վերնոյի «Մայրիկ»-ը. այս ցուցադրությանը մասնակցել է նաեւ Աբգարին մարմնավորած Ժակի Ներսիսյանը:

Նշենք, որ The Cut-ի ցուցադրությունը բավական բազմամարդ էր, եւ ներկա էին ոչ միայն հայեր, այլեւ՝ ֆրանսիացիներ, ովքեր այնքան էին հետաքրքրված Ցեղասպանության խնդրով, որ ոչ միայն ֆիլմը դիտելու էին եկել, այլեւ՝ մասնակցեցին վերջինիս հաջորդած, համայնքի կողմից կազմակերպած քննարկմանը: Քննարկումն անցավ բավականին բուռն ու հետաքրքիր: Ինչպես նշեց Ա. Ավետյանը, առավել կարեւոր է հետաքրքրել ֆրանսիացներին ու նրանց տեղեկացնել Հայոց Ցեղասպանութան խնդրին, քանի որ ի տարբերություն Ֆրանսիայի հայաշատ այլ քաղաքների՝ Նանսիում ֆրանսիցիները մեր պատմության այս սեւ էջին բավարար ծանոթ չեն: Ցեղասպաության 100-րդ տարելիցին ընդառաջ, Ա. Ավետյանի հավաստմամբ, նախապատրաստվում են մի շարք այլ միջոցառումներ եւս, սակայն մինչեւ վերջ չակերտները չբացեց…

Scroll Up