Գագիկ Գասպարյան. «Ուրախությունս անչափ է, որ Չիլիում թևածելու է հայկական մշակույթի շունչն ու ոգին»
Օտար ափերում գտնվող մեր հայրենակիցները միշտ էլ փաստել են, որ ամեն ինչ անում են հայրենիքին օգտակար լինելու համար: Արգենտինահայ դուդուկահար Գագիկ Գասպարյանի առաքելությունն է իր գործունեությամբ նպաստել Հայաստանի ճանաչմանը և առաջընթացին:
Իր այս գործում վերջերս նա նոր հաղթանակ է գրանցել, ինչի մասին պատմեց «Հայերն այսօրի» հետ ունեցած հեռախոսազրույցում: «Քսան տարվա համառ, հետևողական ջանքերիցս հետո հասել եմ այն բաղձալի արդյունքին, որ Չիլիի մշակույթի նախարարությունը հայկական մշակույթը՝ մասնավորապես երաժշտությունը, ողջ 2015 թվականի ընթացքում պաշտոնապես ճանաչել է Չիլիի հանրապետության տարածքում գտնվող բոլոր մշակութային և հասարակական լայն շրջանակների ուսումնասիրության գլխավոր առարկա. նույնիսկ փաստաթղթով են վավերացրել և հավաստագիր հանձնել ինձ: Ամեն տարի Չիլիի մշակույթի նախարարությունը, hօգուտ Չիլիի զարգացման և ճանաչման, բյուջե է հատկացնում տարբեր երկրների մշակութային արժեքները հենց իրենց երկրում ներկայացնելու նպատակով զանազան ծրագրեր, միջոցառումներ իրականացնելու համար, ապա նախապես ընտրված ժյուրիի կազմը երկար ուսումնասիրությունից հետո ընտրում է, թե որ երկրին հատկացնի այդ միջոցները: Տարբեր երկրների ներկայացրած մշակութային նախագծերից ժյուրին նախապատվությունը այս տարի հայկական մշակույթին տվեց: Այս գործում ինձ շատ օգնեց չիլիացի ուսանողս՝ երաժիշտ Ռանդաշ Լեդերմանը, ով կարելի է ասել իմ բանախոսն էր Չիլիի կառավարությունում»:
Դուդուկահարը տեղեկացրեց, որ Չիլիի կառավարությունն այդ քայլին գնացել է՝ հաշվի առնելով նրա՝ Լատինական Ամերիկայում հայկական մշակույթը քարոզելու, պահպանելու անմնացորդ նվիրումը: Գագիկը ծրագրի շրջանակում դասախոսություններ է ունենալու և վարպետության դասեր տալու Չիլիի արվեստի համալսարանում, հանդիպելու է տեղի կոմպոզիտորներին, երգահաններին, ուսանողներին, արվեստագետներին, ում պետք է փոխանցի տարիների ընթացքում կուտակած փորձը և համակի հայկականությամբ:
Դասընթացները երկու բաժիններով են կազմակերպվելու. նախ ներկայացվելու է դուդուկը՝ որպես գործիք, իսկ հայկական ավանդական երաժշտությունը առանձին դասընթացներով է անցկացվելու:
Գագիկ Գասպարյանի հուզմունքը մեծ է, որ կարողացավ 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, կյանքի կոչել Չիլիի հետ համագործակցությունը. «Ի սկզբանե բանակցությունների ժամանակ իմ առջև նպատակ էի դրել, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրել այս ամենը, հոգուս պարտքն էի համարում մեր անմեղ նահատակների հիշատակին որևէ բան ձեռնարկել, և, ինչպես տեսնում եք, հաջողվեց կատարածս քայլով օտար միջավայրում ուշադրության կենտրոնում պահել Հայոց ցեղասպանության թեման: Առհասարակ, որդեգրած քաղաքականությունս է օտար զանգվածներին ներկայացնել հայկական մշակույթը, ինչը կարծում եմ՝ խիստ նպատակային է: Հիմա 30-ից ավելի այլազգի ուսանողներ ունեմ, ովքեր կայացած երաժիշտներ, սիմֆոնիկ նվագախմբի անդամներ են և ճանաչում ունեն իրենց երկրներում: Ինձ հանգիստ եմ զգում, որ Լատինական Ամերիկայում հաստատած կապերս կարողանում եմ օգտագործել հայապահպանության, հայկական արժեքները տարածելու ուղղությամբ, իսկ ուրախությունս անչափ է, որ Չիլիում թևածելու է հայկական մշակույթի շունչն ու ոգին»:
Գևորգ Չիչյան