«Հայրենադարձվելով՝ վերարժևորեցինք մեր հայ լինելու իմաստը».լիբանանահայ ընտանիք
«Հայերն այսօր»-ը շարունակում է ներկայացնել հայրենադարձների պատմությունները:
Մհեր և Ռուբինա Բոյաջյանները 2003 թվականին Հայաստան են եկել Լիբանանից: Իհարկե, սկզբնական շրջանում դժվարություններ ունեցել են, սակայն չեն ընկճվել, այլ ժպիտով են հաղթահարել այդ ամենը և առաջ ընթացել:
Նրանք հայրենադարձության ամենամեծ պարգևն իրենց երեխաների ազգային ինքնության պահպանումն են համարում: Մեր հայրենակիցները հեշտ են ինտեգրվել հայաստանյան կյանքին՝ շնորհիվ Մայրենիի իմացության և արդեն ձևավորված ընկերական շրջապատի, ովքեր նեցուկ են եղել նրանց:
Մեզ Հայաստան բերեց ամուսնուս աշխատանքը
Մհեր Բոյաջյան-Ծնվել եմ Լիբանանում, սովորել եմ Համազգայինի «Նշան Փալանջյան» ճեմարանում, ավարտել եմ տեղի համալսարանը:
Մի քանի տարի Լիբանանում եմ աշխատել, ապա, մինչև ամուսնանալս, 2003 թվականին Ստեփանակերտում աշխատելու առաջարկ եմ ստացել, որից հետո երկուսուկես տարի աշխատել եմ Արցախում, այնուհետև՝ 2005 թվականին, Երևան եմ վերադարձել արդեն կնոջս՝ Ռուբինայի հետ՝ ընտանիք կազմած: Տասնհինգ տարի է, ինչ Հայաստանում ենք ապրում:
Ռուբինա Սերոբյան-Լիբանանյան պատերազմի հետևանքով ծնողներս Կիպրոս են գնացել, որտեղ էլ ծնվել եմ: Միջնակարգ կրթությունս ստացել եմ Լիբանանի Սուրբ Հռիփսիմյանց վարժարանում, ապա ավագ դպրոցը շարունակել եմ լիբանանյան դպրոցում:
Մեր առաջնեկը՝ Սէրլին, ծնվել է Բեյրութում. քառասուն օրական էր, երբ Հայաստան եկանք, իսկ երկու տղաներիս՝ Դավթի և Հրակի ծննդավայրը Հայաստանն է:
Հայրենադարձվելու հիմնական պատճառը Մհերի աշխատանքն էր, ինչն էլ ճակատագրական դարձավ:
Հայաստանն ամենաանվտանգ երկրներից մեկն է
Մհեր Բոյաջյան-Հայաստան առաջին անգամ եկել եմ 1992 թվականին: Շատ սիրեցի Հայաստանը և Լիբանան վերադառնալուց հետո մտածում էի, թե հաջորդ այցելությունս Հայրենիք ինչ առիթով է լինելու:
Այն սփյուռքահայերի համար, որոնց առջև Հայաստան վերադառանլու դռներն են բացվում, կարծում եմ՝ արդեն իրենց բախտավոր պետք է զգան: Ես կրկնակի երջանիկ եմ, քանի որ տղաներս Հայաստանում են ծնվել:
Երբ արձակուրդներին Լիբանան ենք գնում, մտքով միշտ Հայաստանում ենք լինում: Դա խոսում է այն մասին, որ ինտեգրվելու գործընթացը հեշտ ստացվեց մեզ համար: Իմ պարագայում դա տարբեր ձևերով է արտահայտվել. այնպիսի ընկերությունում եմ աշխատում, որտեղ մի քանի սփյուռքահայերով առնչվում ենք հազարից ավելի հայաստանցիների հետ և ուզած, թե չուզած՝ պետք է ընդունենք նրանց լավ ու վատ կողմերը, հասկանանք մտածելակերպն ու աշխարհընկալումը:
Ի վերջո, մեր ծննդավայրը թողնելով, օտար երկիր չեկանք.տիրապետում էինք լեզվին, արդեն ընկերական շրջապատ ունեի ձևավորած, որոնք էլ հայաստանյան կյանքին հեշտ ներգրավվելու ևս մի քայլ էին:
Հայաստանում մեզ առավել ապահով ենք զգում, հատկապես՝ մեր երեխաների անվտանգության առումով: Տարբեր երկրներ ճամփորդելով՝ հասկացել ենք, որ Հայաստանն ամենաանվտանգ երկրներից մեկն է:
Աննկարագրելի էր հուզմունքս, երբ Սրբազան լեռը՝ Արարատը տեսա
Ռուբինա Սերոբյան-Մեր հայրենադարձվելու լուրին ծնողներս շատ ծանր արձագանքեցին. չէին համակերպվում այն մտքին, թե ինչպես է իրենց աղջիկն Արցախում ապրելու: Դժվարությամբ, սակայն կարողացա համոզել նրանց:
Ինձ համար Հայաստանը բոլորվին նոր երկիր էր. պատկերացումներս սահմանափակվում էին միայն Հայաստանի մասին լսած պատմություններով, կարդացած գրքերով և լուսանկարներով:
Աննկարագրելի էր հուզմունքս, երբ առաջին անգամ Հաղթանակի կամուրջի մոտ մեր Սրբազան լեռը՝ Արարատը տեսնելով, չկարողացա արցունքներս զսպել: Առայսօր, ամեն անգամ այդ վայրով մեքենայով անցնելիս, ակամայից նույն զգացողությունն եմ ունենում:
Հայաստանում լեզվական պատնեշի և շատ այլ դժվարությունների պատճառով, իհարկե, հոգեբանական ճգնաժամ ապրել եմ, սակայն չեմ ընկճվել. իմ մեջ մեծ ուժ գտնելով՝ պատվով եմ անցել ինձ բաժին հասած փորձությունների միջով և սկսել բնականոն կյանքով ապրել:
Մինչ այսօր էլ շարունակում եմ ներքին պայքար մղել ինքս ինձ հետ. կարծես փնտրտուքների մեջ լինեմ, որը երբեմն ինձ խանգարում է գտնել այն, ինչը վերջապես կստիպի հասկանալ, որ Հայաստանում ես պարզապես հայ եմ, ոչ թե՝ սփյուռքահայ կամ հայաստանցի: Եթե փորձենք մեր այս տարբերությունը առավելություն դարձնել, միմյանց լրացնել, այլ ոչ թե իրար փոխել, կունենանք այն ամենակարևոր ուժը, որը մեզ միասնական կդարձնի: Ժամանակի և ճիշտ աշխատելու հարց է. հուսով եմ՝ կանցնի:
Մեր երեխաներին այլևս ուծացման վտանգը չի՛ սպառնա
Մհեր Բոյաջյան-Ամենակարևորն այն է՝ երեխաներս Հայրենքիում ամրապնդեցին իրենց արմատները: Թեկուզ նրանք հետագայում Հայաստանից գնան այլ երկրում ապրելու, ես համոզված եմ,որ նրանք կպահպանեն ազգային դիմագիծը, կշարունակեն խոսել հայերեն և ուծացման վտանգը նրանց չի սպառնա:
Երբ երեխաներիս պարբերաբար հարցնում եմ՝ արդյոք կուզե՞ն Բեյրութ վերադառնալ, հաստատակամորեն ասում են՝ ոչ, քանի որ իրենց այստեղ լավ են զգում, սիրում են Հայաստանը: Նրանց Հայասանի տեսարժան, պատմամշակութային վայրեր զբոսանքի ենք տանում, ծանոթացնում մեր երկրի պատմությանը, մեր երեխաները հաճույքով մասնակցում են նաև դպրոցական էքսկուրսիաներին:
Ռուբինա Սերոբյան-Ինչ-որ բան իմ մեջ փոխվեց. իբրև հայ՝ ասես հեղափոխություն կատարվեց ինձ հետ: Ոչ թե ուրիշների՝ Հայաստանի մասին ունեցած տեսակետի վրա հիմնվեցի, այլ սեփական կարծիք ձևավորեցի Հայաստանի մասին`վերարժևորելով հայ լինելուս իմաստը:
Այնուամենայնիվ, կարոտում եմ Լիբանանում ապրածս տարիները, հայկական միջավայրը, նույնիսկ՝ կառույցներն ու ավանդույթները: Ամեն անգամ Լիբանան գնալով՝ անպայման այցելում եմ այդ վայրերն:
Հայաստանում, անշուշտ, պահպանում ենք ավանդույթները, նշում բոլոր տոները՝ Ամանորը, Սուրբ Ծնունդը, Սուրբ Զատիկը, Բարեկենդանը, Միջինքը…տոնական կերակուրներ պատրաստում՝ այդպիսով վերադառնալով մանկություն:
Հայաստանում ամենամեծ ձեռքբերումը Ամերիկյան համալսարանի Անգլերեն և հաղորդակցություն ֆակուլտետն ընդունվելս դարձավ.այս տարի ավարտեցի համալսարանը: Հայաստանը հնարավորություն տվեց երեխաներին մեծացնելուն զուգահեռ՝ բարձրագույն կրթություն ստանալ, որը, կարծում եմ, Լիբանանում ավելի դժվար կլիներ իրականացնել:
Համալսարանն ավարտելուց հետո ՀՀ սփյուռքի նախարարությունում կամավոր աշխատելու ցանկություն հայտնեցի: Շատ էի ուզում մոտիկից ծանոթանալ Սփյուռքի նախարարության գործելաոճին, իմ կարողություններն ու հմտությունները կիրառել նախարարության աշխատանքներում, քանի որ կարծում եմ՝ այս նախարարությունն ինքնությանս մի մասն է կազմում: Ինձ բախտ վիճակվեց աշխատել Եվրոպայի հայ համայնքերի վարչությունում, որտեղ բոլորն ինձ ջերմությամբ են շրջապատում:
Դրսում սկուտեղի վրա ոչինչ հենց այնպես չի մատուցվում
Մհեր Բոյաջյան-Ճիշտ է, սկզբում քննադատում և մեղադրում ենք Հայաստանը լքող մարդկանց, բայց պետք է հասկանանք, որ նրանք, գուցե, առաջնահերթությունը տալիս են ավելի բարեկեցիկ պայմաններով ապրելուն, երիտասարդները փորձում են բարձրագույն կրթություն ստանալ օտար երկրների նշանավոր համալսարաններում:
Իհարկե, գովելի են, այն մարդիկ, ովքեր Հայաստանը չեն լքում՝ անկախ երկրում առկա խնդիրներին և մարտահրավերներին: Պետք է մեր Հայրենիքը սիրենք թերություններով և առավելություններով հանդերձ:
Ռուբինա Սերոբյան-Ես նույնպես չեմ կարող մեղադրել արտագաղթի ճանապարհը բռնողներին, բայց սիրտս ցավում է նրանց համար:
Սակայն նրանց թող չթվա, թե դրսում ամեն ինչ կատարյալ է, որ ամեն ինչ սկուտեղի վրա հենց այնպես մատուցվելու է իրենց և գտնելու են երազած «դրախտավայրը»:
Անշուշտ, ունենալու են դժվարություններ, որոնք պետք է հաղթահարեն. նրանք պետք է սեփական մաշկի վրա զգան այդ ամենը: Եթե երբևէ վերադառնան Հայաստան, այդժամ նրանք ավելի կարժևորեն իրենց Հայրենիքը և մտահոգ կլինեն այն շենացնելու համար:
Ուզում ենք հայ մարդու դեմքին անհոգություն և ժպիտ տեսնել
Ռուբինա Սերոբյան-Ուզու՛մ ենք Հայաստանը մարդաշատ լինի և օր առաջ արտագաղթի տեմպերը նվազեն, ուզու՛մ ենք փողոցով քայլելիս՝ հայ մարդու դեմքին անհոգություն և ժպիտ տեսնել, ոչ թե` տխրություն: Թո՛ղ հայ ժողովորդը բարեկեցիկ, համահավասար պայմաններում ապրի և ամենուր արդարությունն իշխի՝ հանուն Հայաստանի և հայի՛ հարատևման:
Գևորգ Չիչյան