Իրաքի թեմի Զախոյի հոգևոր հովիվը հյուրընկալվեց Սփյուռքի նախարարությունում

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Իրաքի թեմի Զախոյի հոգևոր հովիվ Տեր Մամբրե քահանա Հմայակյանին:

Նախարարը կարևորեց համայնքում հայապահպանությանը միտված աշխատանքները, հայկական կիրակնօրյա դպրոց ստեղծելուն ուղղված եկեղեցու ջանքերը:

Տեր Մամբրե քահանա Հմայակյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոցի ստեղծմանը աջակցելու համար: Նա բարձր գնահատեց Սփյուռքի նախարարության հայապահպանությանն ուղղված ծրագրերը, առանձնակի կարևորեց նախարարության պատվերով քրդերեն-հայերեն, հայերեն քրդերեն բառարանի հրատարակումը, նշեց, որ եկեղեցու սարկավագ Օհաննեսը մասնակցում է նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի ուսուցիչների վերապատրաստման դասընթացին: Նախարարության «Սփյուռքի կրթօջախներին ուսումնական գրականության և ուսումնաօժանդակ նյութերի մշակմում և տրամադրմում» ծրագրի շրջանակում նորաստեղծ կրթօջախին տրամադրվել է դասգրքեր և օժանդակ նյութեր: Իսկ «Արի տուն» ծրագրին Իրաքից մասնակցել է 14 երիտասարդ, որից 3-ը՝ Զախոյից: Հոգևոր հովիվը հավաստիացրեց, որ դպոցը կնպաստի նախարարության ծրագրերին առավել մեծ թվով մասնակիցների ներգրավմանը:

Տեր Մամբրե քահանա Հմայակյանը տեղեկացրեց, որ Հյուսիսային իրաքում ապրում է շուրջ 700 հայ, գործում է 1923թ. Հիմնադրված եկեղեցին: Համայնքը ունի ազգային փոքրամասնության կարգավիճակ, որը ղեկավարվում է հոգևոր առաջնորդի կողմից: Պետությունը ազգային փոքրամասնությունների հանդեպ բարեհաճ է: Հյուսիսային Իրաքում առանձնակի համակրանք են տածում հայերի հանդեպ: Համայնքը համալրվում է Բաղդադից և Մոսուլից տեղափոխվող հայերով:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանում առկա հակամարտությունների համատեքստում հայ համայնքի վիճակը և խնդիրները:

Scroll Up