«Մեր ներկայությունն Արցախում պարտավորեցնող էր». Վահագն Գարագաշյան

Այլևս պատմություն է հոկտեմբերի 20-24-ը Երևանում և Ստեփանակերտում կազմակերպված Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովը: Սփյուռքի տարբեր համայնքներից ժամանած մասնակիցներն արդեն վերադարձել են իրենց երկրներ՝ նոր ծանոթություններ հաստատած և ապագային միտված նորանոր ծրագրերով ու գաղափարներով, ինչի շուրջ և «Հայերն այսօր»-ը զրուցել է Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանի հետ:

– Պարո՛ն Գարագաշյան, ինչպե՞ս կամփոփեք Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովը:

– ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը, ինչպես և նախորդները, համարում եմ դրական, գնահատելի: Ավելին՝ այս համաժողովները մեզ՝ սփյուռքահայ լրագրողներիս համար առիթներ են, որպեսզի մոտիկից ծանոթանանք Հայաստանի, Արցախի, ինչպես նաև՝ հայկական տարբեր համայնքներում գործող մեր գործընկերների հետ: Ասել է թե՝ լրագրողների միջև նոր կապեր, ծանոթություններ հաստատելու կամուրջ են հանդիսանում:

– Պարո՛ն Գարագաշյան, համաժողովը անցկացվեց Երևանում և Ստեփանակերտում: Ձեր կարծիքով ի՞նչ նշանակություն ուներ այս հանգամանքը:

– Շատ կարևոր էր հատկապես նման համաժողովի կազմակերպումն ու կայացումը Արցախում: Հատկապես Քառօրյա պատերազմից հետո մենք Արցախի ժողովրդին և իշխանություններին փաստեցինք, որ Սփյուռքի բոլոր լրագրողները, և հայ լրագրողներն ընդհանրապես, կանգնած են Արցախի, Հայաստան-հայրենիքի կողքին: Մեր ներկայությունն Արցախում պարտավորեցնող էր: Իբրև լրագրողներ՝ մեր պարտականությունն ու առաքելությունն է, որ ներկա լինենք նման համաժողովներին:

– Ձեր կարծիքով Արցախին ուղղված լրագրողի առաքելությունն ի՞նչ է ենթադրում:

– Իմ օրինակով պատասխանեմ հարցին՝ իբրև լրագրող և խմբագիր: Լրագրողի առաքելությունն է ներկայացնել Արցախի ժողովրդի այսօրվա կացությունը, Արցախի ներկա աշխարհաքաղաքական իրավիճակը, ռազմական իրադրությունը: Եվ ինչու չէ, մեր առաքելությունն է նաև ներկայացնելու մեր ընթերցողներին հայ զինվորին, նրա պատրաստվածությունը, բարոյահոգեբանական բարձր տրամադրվածությունը, անդրադառնալ նաև նահատակ զինվորների ընտանիքներին, նահատակ զինվորների պատմությանը, ներկայացնել նրանց ավանդն ու սխրանքը:

Այս առումով շատ կարևոր է նաև սեփական փորձառությունը: Ես երեք անգամ հնարավորություն եմ ունեցել առաջնագիծ այցելելու: Երբ կանգնած ես առաջնագծի խրամատում, և քեզ տեղեկացնում են, որ 200 մետր այն կողմ թշնամու խրամատագիծն է, երբ այդ պահին նայելով հայ զինվորի աչքերի մեջ՝ տեսնում ու զգում ես նրա խիզախ կեցվածքը, բարոյահոգեբանական պատրաստվածությունը՝ այդժամ դու իրապես ապրում ես պահը, ֆիզիկապես զգում ես այն կացությունը, որի մեջ ապրում ու պայքարում է հայ զինվորը:

– Համաժողովի խորագիրն էր՝ «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք»: Ձեր կարծիքով ի՞նչ էր այն ենթադրում և ի՞նչ կարողացավ հաջողել ընտրված խորագիրը:

– Միասնությունը, որը հանդիսանում է նաև Սփյուռքի նախարարության գործունեության նպատակակետն ու կիզակետը, կարևորագույն ազդակ էր, որպեսզի այս համաժողովին անդրադառնաք, թե այդ միասնությունը կամ եռամիասնությունը՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք, որքան կարևոր է հատկապես այսօր: Գտնվելով աշխարհաքաղաքական նման բարդ տարածաշրջանում և իրավիճակում, մեզ համար միասնությունն անհրաժեշտ է առաջիկա մարտահրավերներին դիմագրավելու համար:

– Պարո՛ն Գարագաշյան, համաժողովի շրջանակներում հանդիպումներ եղան Հայաստանի և ԼՂՀ Նախագահների, տարբեր գերատեսչությունների ղեկավարների հետ: Ի՞նչ են տալիս նման հանդիպումները:

– Պետական ղեկավարության հետ հանդիպումները մեզ նախևառաջ հնարավորություն են տալիս ավելի մոտիկից ծանոթանալ նրանց հետ: Այդ հանդիպումները սոսկ պաշտոնական զրույց կամ այսօրվա իրավիճակի մասին զեկուցումներ չեն: Երկրի ղեկավարներից տեղեկանալով կացության մասին՝ մենք ավելի մոտիկից ենք հաղորդակցվում երկրի քաղաքական, ռազմական, տնտեսական իրավիճակին:

– Պարո՛ն Գարագաշյան, սովորաբար նման համաժողովներից հետո արվում են համապատասխան եզրահանգումներ, գծագրվում են նոր անելիքներ: Ձեզ համար այս համաժողովն ապագային միտված ի՞նչ նոր ծրագրեր է ուղենշել:

– Համաժողովն ինձ համար վերստին խթան հանդիսացավ, որ երբ վերադառնամ Կանադա՝ «Հորիզոն»-ի միջոցով մեր ընթերցողներին, հետևորդներին տեղեկացնեմ, որ Հայրենիքը մեզ է սպասում, որ նրանք տարիներով չսպասեն Հայաստան այցելելու համար, այլ այցելեն ամեն տարի, միշտ: Եվ կամաց-կամաց խորհեն, որ իրենց մեկ ոտքն անպայման պետք է այնտեղ լինի՝ հայրենիքում, և սկսեն այնտեղ հաստատվել՝ լինի դրամատան մեջ հաշիվ բացելով, բնակարան գնելով կամ այլ եղանակներով: Այսինքն՝ կամաց-կամաց մտածեն Հայաստանում հաստատվելու ձևերի մասին: Ի վերջո հայրենադարձությունը ոչ միայն կարևոր է մեզ համար, այլև անխուսափելի է: Ինչպես և համաժողովի ժամանակ ասացի՝ Սփյուռքը հավիտենական չէ, Սփյուռքը գնայուն է, իսկ Հայրենիքը՝ մնայուն:

Լուսինե Աբրահամյան

Scroll Up