«Մենք պարտավոր ենք պաշտպանել մեր ազգային տեղեկատվական հոսքերը, հարթակները». Արման Սաղաթելյան
«Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագիրը կրող ՀՀսփյուռքի նախարարության կազմակերպած Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովը մեկ անգամ ևս փաստեց, որ համահայկական լրատվականն դաշտում համատեղ քննարկման խնդիրներ շատ կան, որոնց լուծումը կարելի է գտնել փոխհամագործակցության շրջանակներում, և այս համաժողովն այդ առումով լավագույն հարթակն է: Այս և այլ հարցերի շուրջ էլ «Հայերն այսօր»-ի համար ծավալվեց իմ զրույցը ՀՀ հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արման Սաղաթելյանի հետ:
-Պարո՛ն Սաղաթելյան, լինելով Հանրային ռադիոյի տնօրեն, ղեկավարելով լրատվական այդպիսի մեծ կառույց՝ կարծում եմ, որ այսօրվա համաժողովն, անշուշտ, կարևորում եք և ունեք Ձեր նկատառումները:
-Սա առաջին համաժողովը չէ, որին ես մասնակցում եմ. շատ ողջունելի և անհրաժեշտ նախաձեռնություն է, քանի որ հայության զգալի մասն ապրում է Սփյուռքում և, անշուշտ, մեր ազգի ու պետության առջև դրված մարտահրավերները մեզ պարտադրում են, որ մենք ունենանք ցանցային որոշակի կառուցվածքային և պարբերաբար հավաքվող այսպիսի հանրություն: Ուղղակի մենք կարծես թե ժամանակակից համակարգային լուծումների չենք գալիս, սակայն այսպիսի համաժողովներն, այնուամենայնիվ, բերում են գոնե միջանձնային կապերի շրջանակի ընդլայնմանը: Մեդիա դաշտի ղեկավարները, ներկայացուցիչները հնարավորություն են ունենում անմիջապես հաղորդակցվելու միմյանց հետ, կարծիքներ փոխանակելու, ընդհանուր հարթակների միջոցով լսելու և խոսելու կարևոր հարցերի ու մարտահրավերների շուրջ: Սա հնարավորություն է՝ հայտարարարի բերելու մեր առջև ծառացած խնդիրները և քննարկելու այդ ամենը: Որպես մեդիա ղեկավար՝ առայժմ համակարգային լուծումների սպասելիքն ունեմ, որովհետև մեր կազմակերպչական ներուժն ավելի բարձր է, քան այն արդյունքը, որը տեսնում ենք: Աշխարհի փորձ գոյություն ունի, կարելի է այդ փորձը ևս ուսումնասիրել և որոշ տարրեր այնտեղից վերցնել: Նորից ասեմ , որ այսպիսի համաժողովները շատ կարևոր են:
-Պարո՛ն Սաղաթելյան, Ձեր կարծիքով լրատվական դաշտում ի՞նչն է այսօր պակասում ամենից շատ՝ նորարական տեխնոլոգիաները, թե՞ արհեստավարժ մարդկային ռեսուրսները:
– Կարծում եմ՝ նորարական տեխնոլոգիաների առումով մենք լուրջ խնդիրներ չունենք: Մենք արդեն մենք հասել ենք այն վիճակին, որ նորարարական տեխնոլոգիական զարգացումն ու տիրապետումը այդ տեխնոլոգիաներին, և այդ ոլորտի մասնագետների առկայությունն առավել է այդ փաթեթավորման մեջ ներդրված պարունակությունից ու դրա որակից և կազմակերպչական ռեսուրսից: Ժամանակին հակառակն էր՝ մենք ունեինք մեծ ներուժ, սակայն չունեինք ծրագրավորողներ, համացանցային մասնագետներ, տեխնիկական միջոցներ, համապատասխան տեխնոլոգիաներ: Հիմա պատկերը քիչ փոխվել է, և ես կասեի ճիշտ հակառակը՝ մենք չունենք բավարար քանակով արհեստավարժ կադրեր և դեռ թերանում ենք կազմակերպչական հարցերում: Դա է պատճառը, որ երբեմն հանդիպում ենք անհեթեթ իրավիճակների, այսինքն՝ ակնհայտ թշնամական քարոզչությունը մեր լրատվամիջոցների մի մասը քիչ ոչ միայն թարգմանում են հայերեն, դեռ մի բան էլ՝ բերում են դաշտից ներս. ինչու՞ են դա անում, հասկանալի չէ. ի՞նչն է պակաս…գուցե՝ գիտելիքները, գուցե թերընկալումների խնդի՞ր ունենք: Բազմաթիվ հարցեր կան, որոնք ինտերակտիվ մեխանիզմներով կարգավորման ենթակա չեն, որովհետև մենք ապրում ենք բաց հասարակության մեջ և որդեգրել ենք ժողովրդավարական զարգացման ուղին, սակայն դա չի նշանակում, որ դրա հետ մեկտեղ մենք պետք է նման ահնհեթեթ դրսևորումների ականատես լինենք, այսինքն՝ սրան լուծում է պետք. անհրաժեշտ է գտնել լուծման մեխանիզմներ, որովհետև մենք պարտավոր ենք պաշտպանել մեր ազգային տեղեկատվական հոսքերը, դաշտերը, հարթակները և զերծ պահենք մեր հասարակությանը՝ իր գիտակցության վրա գործող տարաբնույթ այլ ուժերից, այդ թվում՝ թշնամական քարոզչությունից:
-Պարո՛ն Սաղաթելյան, չե՞ք կարծում, որ նման մի համաժողով կարելի է կազմակերպել միայն հեռուստառադիոլրագրողների համար:
-Իհարկե, կարելի՛ է, սական դա չպետք է ինքնանպատակ լինի: Այսինքն՝ նախաձեռնող կառույցը միգուցե պետք է շրջանառության մեջ դնի որոշակի ծրագիր, որոշակի համագործակցության ռեալ մեխանիզմներով համալրված պլան, կամ՝ այլ օրակարգ: Ձեր բարձրացրած հարցի առաջնահերթությունն, անշուշտ, կա՛, սակայն դրա կազմակերպումն ինքնանպատակ չլինելու համար, մենք պետք է իմանանք, թե ինչ ենք ակնկալում հայկական աշխարհի հեռարձակվող մեդիաներից: Օրինակ՝ ես գիտեմ, թե ինչ եմ ակնկալում հայկական ռադիոաշխարհից, և մենք փորձում ենք ստեղծել, սարքել հայկական ռադիոընկերությունների, ռադիոժամերի այսպես կոչված՝ հայկական ցանցը: Մենք ունենք նաև այդպիսի խմբագրություն. այս վերջերս մենք նախաձեռնել ենք ունենալ նաև ընդհանրական հարթակ, որպեսզի Հանրային ռադիոյի ծրագրերը ոչ թե եթերից վերցնեն և հեռարձակեն, այլ ընտրություն անելու հնարավորություն ունենան և 70 ծրագրերից ընտրեն իրենց համար ամենահետաքրքիրները: Աշխատանքներ տարվում են, սակայն դա երևի բավարար չէ, և ցանկալի կլինի հավաքվել, տեսնել, լսել իրար, խորհրդակցել, ընդհանուր հայտարարի գալ:
-Շնորհակալությու՛ն, պարո՛ն Սաղաթելյան, հուսանք, որ մոտ ապագայում կհանդիպենք և կզրուցենք նաև նման համաժողովի շրջանակներում:
Կարինե Ավագյան