ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայ օգնության միության (ՀՕՄ) Իսրայելի պատվիրակությանը

Սեպտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՕՄ Իսրայելի շրջանային վարչության կողմից Հայաստան ուխտագնացության եկած պատվիրակությանը՝ ՀՕՄ փոխատենապետուհի Մարի Օհաննեսյանի գլխավորությամբ:
Հրանուշ Հակոբյանն իր գոհունակությունը հայտնեց ուխտագնացության գաղափարի համար և կարևորեց, որ այն իրականացվել է հատկապես այս օրերին, երբ համայն հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակը:
Նախարարի պաշտոնակատարը ներկայացրեց անկախության հաստատման և պետականության կայացման ծանր ու դժվար ճանապարհը՝ նշելով, որ այդ դժվարությունները հաղթահարելի դարձան նաև սփյուռքահայ անհատների և կառույցների, այդ թվում և ՀՕՄ-ի նվիրյալ աշխատանքի շնորհիվ:
«Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ՀՕՄ-ուհիներին, որովհետև նրանք աշխատում են երկու ասպարեզում. ընտանեկան և ազգային: Մեծապես գնահատում եմ Հայաստանում, Ջավախքում և Լեռնային Ղարաբաղում կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքները: Մենք համագործակցության պայմանագիր ենք ստորագրել ՀՕՄ-ի հետ և նպատակասլաց կերպով քայլ առ քայլ իրականացնում ենք այն», – նշեց Հրանուշ Հակոբյանը:
Հանդիպման ընթացքում նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը լսեց հյուրերի տպավորություններն ու սրտի անկեղծ խոսքերը և պատասխանեց նրանց հետաքրքրող բազմաթիվ հարցերի: