Մեկնարկում է «Հայաստան. ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքը
Հուլիսի 11-ին, ժամը 11.30-ին, ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա «Հայաստան. ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքի բացման հանդիսավոր արարողությունը (Հասցե՝ Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 3, 9-րդ հարկ):
Հավաքի մասնակիցներին կողջունեն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ, ՀԲԸՄ Հայաստան-ի նախագահ Վազգեն Յակուբյանը, «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը, «Այբ» դպրոցի տնօրեն, «ABBYY» ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանը:
ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ՝ հուլիսի 11-14-ը Երևանում և Դիլիջանում անցկացվող «Հայաստան. ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքի նպատակն է համախմբել Հայաստանի և Սփյուռքի երիտասարդ գիտնականներին, աշխարհի առաջնակարգ համալսարաններում սովորող հայ ուսանողներին՝ Հայաստանի իրենց գործընկերների հետ քննարկելու և մշակելու գործակցության նոր մոտեցումներ, առաջարկելու համագործակցության ծրագրեր՝ ի նպաստ Հայաստանի զարգացման:
Աշխատանքները կանցկացվեն «Բժշկություն և առողջապահություն»,«Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Հայկական շահերի պաշտպանություն և մամուլ» աշխատանքային խմբերում:
Կկազմակերպվեն թեմատիկ քննարկումներ, հանդիպումներ ոլորտների ներկայացուցիչների հետ, մշակութային միջոցառումներ, այցելություններ համապատասխան մասնագիտական հաստատություններ:
Հավաքին կմասնակցի 70 երիտասարդ Գերմանիայից, Իսպանիայից, Հունաստանից, Լեհաստանից, Չեխիայից, Լատվիայից, Շվեդիայից, ՌԴ-ից, Մոլդովայից, Սինգապուրից, ԱՄՆ-ից, Լիբանանից: