«Ես կաղոթեմ Հալեպի համար». Հարություն Սելիմյանին ասել է Հռոմի պապը

Հալեպի իրավիճակի, Հռոմի պապի Հայաստան կատարած այցի շուրջ է «Հայերն այսօրի» հարցազրույցը Սիրիայի Հայ ավետարանական եկեղեցիների խորհրդի նախագահ, վերապատվելի Հարություն Սելիմյանի հետ:

– Վերապատվելի´, ինչպիսի՞ իրավիճակ է այսօր Հալեպում:

– Անցած շաբաթ սիրիական օդուժը, ռուսական օդուժի օգնությամբ՝ հարվածներ ուղղեց Հալեպի խաղաղ բնակչությանը թիրախ դարձրած ահաբեկիչների շրջանների ուղղությամբ: Շատ ուժգին ռմբակոծություններ, օդային մարտեր տեղի ունեցան: Այնպիսի կրակե ամպ էր գոյացել, որ տպավորություն էր, թե Հալեպը այրվում է: Ռմբակոծությունների թիրախը, բնականաբար, Հալեպի խաղաղ բնակչությունը չէր, սակայն հարձակողական հարվածները մեծ իրարանցում առաջացրին մարդկանց մեջ:

Երեկ և այսօր Հալեպում իրավիճակը համեմատաբար խաղաղ է:

Այս անելանելի կացության մեջ անգամ՝ ժողովուրդը վճռականությամբ և մեր գործունեությունները՝ ազգային, մշակութային, եկեղեցական, կրթական, ծավալելու հանձնառությամբ լի է:

Երեկ Հայ ավետարանական երկրոդական վարժարանի հանդիսությունը տեղի ունեցավ: Հանդիսությունից հետո տեղի ունեցած միջոցառումը մեկ անգամ ևս փաստեց, որ մեր ժողովուրդը կրթության, մշակույթի ծարավ է: Հայապահպանության գործոնը միակ երաշխիքն է մեր ժողովրդի: Միաժամանակ ինքնապաշտպանության լավագույն օրինակը, որովհետև անկախ դժվարություններից, մեր ժողովուրդը կարևորում է նաև գիտությամբ, մշակույթով զինված լինելը: Երբ երիտասարդ տղաներն ու աղջիկները բեմի վրա հայերեն էին ասմունքում, երգում, պարում, մեծ հուզմունք առաջացրեց ներկաների մոտ:

Այս է մեր դրվածքը, մեր ժողովրդի նկարագիրը: Անգամ պատերազմական պայմաններում ժողովուրդը ջանք է թափում կառչած մնալ իր ավանդույթներին, մշակույթին, եկեղեցուն:

– Վերջին օրերին, երբ Սիրիայում ավարտվել են ավարտական քննությունները շա՞տ մարդ է հեռացել Հալեպից:

– Այս թեման վերջին օրերին լրատվամիջոցներում շատ է շահարկվում: Անկեղծ լինելու համար պետք է ասեմ, որ այո´, Հալեպում բնակչության մի մասը սպասում էր պետական քննությունների ավարտին, որպեսզի Հալեպից ժամանակավոր դեպի առավել ապահով  վայր տեղափոխվի: 2-3 շաբաթների ընթացքում նրանք հեռացան Հալեպից դեպի Սիրիայի առավել ապահով շրջաններ, ինչպես օրինակ՝ Քեսապ, Լաթաքի և այլն: Սա ներքին տեղափոխություն է՝ ապահովական նկատառումներից ելնելով: Թեև, եթե պատերազմը ուժգնությամբ շարունակվի, այս ընտանիքները դեռ երկար կբացակայեն Հալեպից:

– Վերապատվելի´, օրերս Դուք Քեսաբում էիք: Ո՞րն էր այցի պատճառը:

– Երկու տարի առաջ, երբ գրոհայինները ներխուժեցին Քեսաբ, մեծ վնաս պատճառեցին, հրկիզեցին մեր բնակարանները, եկեղեցիները, ակումբները, վարժարանները: Երբ ամիսներ անց, Քեսաբի ազատագրումից հետո վերադարձան՝ հանգրվան առ հանգրավան սկսվեց քաղաքի վերակառուցման և վերանորոգման աշխատանքները ՝ տուն, դպրոց, եկեղեցի, ակումբ:

Քեսաբի Հայ առաքելական եկեղեցին նորոգվեց նույն տարում, Հայ կաթողիկե եկեղեցին շատ վնասներ չէր կրել, իսկ Ավետարանական եկեղեցու Քեսաբում գտնվող բոլոր 4 եկեղեցիները հրկիզվել էին ու քանդվել: Հերթով սկսեցինք եկեղեցիների նորգման աշխատանքները: Երկար ժամանակ մեզանից պահանջվեց և հիմա գրեթե վերջին հանգրվանին ենք հասել: Գրեթե երկու ամսից կլինի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերաբացումը: Շուտով կվերաբացենք նաև Քեսաբի հրապարկում գտնվող Հայ ավետարանական միության մշակութային կենտրոնը: Դա 1880 թվականին կառուցված Հայ ավետարնական առաջին վարժարանն է, որը մշակութային կենտրոնի է վերածվել:

Միևնույն ժամանակ այցը նպատակ ուներ ժողովրդին խրախուսել, քաջալերել, օժանդակություններ հասցնել: Քեսաբի վերջին տեղահանությունից հետո՝ բնակչության մոտ 60 տոկոսն է վերադարձել, 20-25 տոկոսը Լաթաքիայում են արդեն հաստատվել, իսկ 10-15 տոկոսը հեռացել են Հայաստան կամ այլ ուղղություններով:

Քեսաբը առանձնահատուկ նշանակություն ունի բոլորիս համար՝ որպես Կիլիկյան Հայաստանից ժառանգված հարստություն: Մեր նախնիներից ժառանգված հողերի վրա շուրջ 1000 տարի կառչած իր արմատներին՝ ապրում է մեր ժողովուրդը: Քեսաբը մեր հարստությունն է: Մեր մշակութային, ազգային ավանդույթները պահպանելու, մեր կյանքն այդ հողերի վրա շարունակելու համար՝ ամեն զոհողության պատրաստ ենք:

Այսօր Քեսաբի ապահովական վիճակը, կենցաղը շատ ավելի լավ է, քան օրինակ՝ Հալեպում: Այստեղ կա էլեկտրականություն, ջուր: Ու եթե Հալեպում իրավիճակի սրվի և մարդիկ ստիպված լինեն քաղաքից հեռանալ՝ առաջին հանգրավանը, կարծում եմ, Քեսաբը կարող է լինել: Իսկ եթե երկարի այս իրավիճակը Սիրիայում, ապա ես միշտ հայտարարել եմ, որ ուղղությունը միայն Հայաստանը պետք է լինի, և ոչ մի ուրիշ երկիր:

– Վերապատվելի´, Դուք նախորդ շաբաթ մասնակցեցիք նաև Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին: Ձեր կարծիքով, ի՞նչ նշանակություն ուներ այցը ոչ միայն Հայաստանի, այլև հայ ժողովրդի համար:

– «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսն ինքնին մեծ խանդավառություն առաջացնող և ընդհանրական խորհուրդ ուներ մեր ժողովրդի համար, ինչպես դիվանագիտական, այնպես էլ հայկական ներկայությունը փաստող ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս:

Հռոմի պապի այցը մեծ խորհուրդ ուներ, որոնք ես կցանկանայի ամփոփել երեք կետերով:

Առաջին՝ Հռոմի պապը Հայաստանում, ինչպես և մեկ տարի առաջ Իտալիայում՝ մեր նահատակների հիշատակը ոգեկոչող պատարագի ժամանակ, վերահաստատեց Հայոց ցեղասպանության իրողությունը: Պապի այս քայլը մեզ համար շատ դռներ կարող է բացել: Սա շատ լավ առիթ է, որպեսզի Վատիկանի արխիվներում պահվող Հայոց ցեղասպանության վավերագրերը, որոնք ինչ-ինչ պատճառներով շուրջ 100 տարի ուսումնասիրությունից դուրս են մնացել, ուսումնասիրվեն:

Հռոմի Ֆրանցիսկոս պապի Հայաստան այցելության երկրորդ կարևոր խորհուրդն այն է, որ վերահաստատվեց Հայ առաքելական և կաթողիկե եկեղեցիների ջերմ հարաբերությունները, որոնք պաշտոնականացված էին և ինչ-որ առումով՝ սառը:

Երրորդ խորհուրդն այն է, որ Հռոմի պապը մեզ փոխանցեց խոնարհության, խաղաղության, մարդկանց ու Աստծուն ծառայելու իր վերաբերմունքն ու պատգամը: Նրա՝ իսկական եկեղեցականի աստվածահաճո հայտարարությունները ոչ միայն մեծ օրհնանք էին բոլորիս համար, այլև նա այդ օրհնությունը բաշխեց Հայաստանին և Սփյուռքին:

Գյումրիում պատարագ մատուցելով, նա՝  որպես կաթոլիկ համայնքի Քահանայապետ, վերարժևորեց Հայ կաթոլիկ համայնքի գործունեությունը Հայաստանում, ի մասնավորի՝ Գյումրիում, որտեղ մեծ թվով կաթոլիկ համայնք կա:

Իսկ Հռոմի պապի այցն, առհասարակ, մեծ ապտակ էր այն պետություններին, մասնավորապես Թուրքիային, որոնք այսօր շարունակում են իրենց պատերազմական գործողությունները: Պապի հայտարարություններն անարձագանք չմնացին: Թուրքիայի պատասխանը չուշացավ, ավելին՝ նա իր հայտարարություններով փորձեց վարկաբեկել Հռոմի պապին:

Իրականում Հռոմի պապի խաղաղության պատգամը և ավետիսը, մեծ ենթատեքստ ու խորհուրդ էր կրում իր մեջ: Խաղաղություն, որի կարիքն համայն մարդկությունը ունի:

Հայաստանից Հռոմի պապն իր լուր աշխարհի հայտարարեց, որ հակամարտությունների լուծումը պատերազմը չէ: Պետք է փորձել լեզու գտնել միմյանց հետ, հաշտություն կնքել, որպեսզի խաղաղություն վերահաստատվի: Եկեղեցու առաջնորդը շատ նուրբ դիվանագիտությամբ կարողացավ քարոզել, որ պատերազմը լուծում չէ ազգերի համակեցության:

– Վերապատվելի´, երեքօրյա ձեռնարկներից ո՞րն էր Ձեզ համար ամենախորհրդանշականը:

 – Նախ շնորհակալ եմ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսին, որ հրավիրեց ինձ ներկա գտնվելու Հռոմի պապի եռօրյա այցի առիթով կազմակերպված միջոցառումներին: Հրավերը ես մեծ հաճույքով ընդունեցի, իսկ Հայաստանում՝ օրհնվեցի:

Ինձ համար մեծ նշանակություն և խորհուրդ ստացավ առաջին օրը, երբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ բարիգալստյան արարողությունը: Ավարտին ես հնարավորություն ունեցա ողջունել և մոտ 1 րոպե զրուցել Հռոմի պապի հետ: Նա շատ հետաքրքիր կերպով արտահայտվեց  Հալեպի մասին՝ ասելով. «Հալեպը նահատակ ժողովուրդ է, և ես կաղոթեմ Հալեպի համար»: Այս խոսքերը մեծ կարևորություն ունեն ոչ միայն ինձ համար: Այս խոսքերը փաստում են, որ Հռոմի պապի աղոթքների և մտքերի մեջ Հալեպը ևս տեղ ունի:

Սա պատգամն է նաև մեզ, որ յուրաքանչյուրս՝ որպես խաղաղության աղավնի, մեր հոգով, մտքով, համբերությամբ՝ շարունակենք խաղաղության դեսպան դառնալ Սիրիայի համար, որպեսզի երկնային, մարդկային իրավունքով և արժանապատվությամբ  կարողանանք խաղաղություն հաստատել մեր զավակների և գալիք սերունդների համար:

Զրուցեց՝ Լուսինե Աբրահամյանը

Scroll Up