«Շնորհալի» և «Արեգակ» երգչախմբերի ոգեկոչման ելույթը New York Times Square հրապարակում

Ապրիլի 24-ին New York Times Square հրապարակում բողոքի ցույցից հետո տեղի է ունենալու Նյու Յորքում գործող  «Շնորհալի» և «Արեգակ» երգչախմբերի ելույթը:

«Արդեն 25 տարի է, որ «Վարդանանց ասպետներ» կազմակերպության կողմից ավանդաբար կազմակերպվում է Հայոց ցեղասպանության ոգեկոչման այս միջոցառումը, որը մեծ մասսայականություն է վայելում: Սուրբ Պատարագի ավարտից հետո սկսվում է միջոցառման համերգային մասը, որին ներկա են լինում համայնքային կազմակերպություններից, միություններից ներկայացուցիչներ, տարբեր նահանգներից քաղաքական գործիչներ, ԱՄՆ Սենատից և Կոնգրեսից անդամներ, նույնիսկ Նյու Յորքում ապրող ականատեսներին են հրավիրում»,-«Հայերն այսօրի» թղթակցին տեղեկացրեց երգչախմբերի գեղարվեստական ղեկավար ու խմբավար, օպերային երգիչ Վաղարշակ Օհանյանը և հավելեց, որ համերգային ծրագրում ընդգրկված են լինելու «Հայր Մեր» կատարումը, «Մեր Հայրենիք» օրհներգը, ինչպես նաև «God bless America» և  «The Star-Spangled Banner» ստեղծագործությունները:

«Խրախուսելի են նման միջոցառումներին հատկապես հայ երիտասարդների ներգրավումը, քանի որ այս միջոցով նրանք մոռացության չեն մատնում Հայոց ցեղասպանության հարցը, և որն, ամենակարևորն է, իրենց բողոքի ձայնն են բարձրացնում Հայ Դատի արդարացի լուծման ուղղությամբ»,-իր խոսքը եզրափակեց Վաղարշակ Օհանյանը:

Հավելենք նաև, որ երգչախմբի կազմում ելույթ են ունենալու նաև օտարազգի երիտասարդներ:

Scroll Up