Նոր ծիլեր տալու և առաջ ընթանալու պատրաստակամ ՀՕՄ-ուհիները
Փետրվարի 9-ը հիշարժան օր էր ՀՕՄ-ի հայաստանյան մասնաճյուղի «Ձեռագործի և ձեռարվեստի» հանձնախմբի համար. այդ օրը լրացավ հանձնախմբի ստեղծման մեկամյակը:
Պատահականության, թե նախախնամության շնորհիվ «Հայերն այսօրի» հանդիպումը հանձնախմբի անձնակազմի հետ տեղի ունեցավ հենց տարեդարձի օրը: Հարկից ներս եռուզեռ էր տիրում. կանայք, տարբեր պատմություններ պատմելով, տոնական սեղանն էին բացում և սենյակը զարդարում:
Մարդկային ջերմ ու անկեղծ մթնոլորտն էր իշխում այնտեղ և միմյանցով ապրելու երդումը: Իսկ հանձնախմբի անդամ սիրիահայ կանայք կրկին ապշեցրին իրենց լավատեսությամբ և ապագայի հանդեպ անսպառ հավատով:
Տոնական սեղանի շուրջ զրուցեցինք ՀՕՄ-ի «Ձեռագործի և ձեռարվեստի» հանձնախմբի ատենապետուհի Ֆլորա Աքտավուքյան-Գահվեճյանի և հանձնախմբի պատասխատանու Դիանա Հովսեփյանի հետ:
Դիանա Հովսեփյան–ՀՕՄ–ի շրջանային վարչության անդամ, Ձեռագործի և ձեռարվեստի հանձնախմբի պատասխատանու.
– Արդեն մեկ տարի է, որ հանձնախումբը գործում է:Հանձնախմբի հիմնական անդամները Սիրիայից արդեն հայտնի պատճառներով Հայաստան տեղափոխված մեր կանայք են, որոնք Սիրիայի «Օգնության Խաչի»անդամներն են եղել:Մեզ մոտ միտք հղացավ մեր սիրահայերի կուտակած փորձի հիման վրա Հայաստանում ևս զարգացնել մշակույթի այս ճյուղը: Ինչպես գիտենք, սիրիահայերը աչքի են ընկնում իրենց կազմակերպչական մեծ ձիրքով և տաղանդով:
Այսպիսով, մեծ հույսերով հանձնախումբ հրավիրեցինք սիրիահայ կանանց: Մեկ տարվա ընթացքում հանձնախումբը հասցրեց ճանաչում ունենալ: Դա է վկայում հանձնախումբ հաճախող 100 մասնակիցները, որոնց կազմում նաև երևանաբնակ կանայք են:
Մեկ ընտանիքի պես, հաշտուհամերաշխ աշխատում ենք՝ փորձելով օգնել մեկս մյուսին:
Բացի հայկական մշակույթը տարածելուց, մեր գլխավոր նպատակն էր հայ կնոջը հասարակական կյանքին մասնակից լինելու համար պայմաններ ստեղծել, որպեսզի կարողանա իր աշխատանքով հանապազօրյա հաց վաստակել:
Սա հրաշալի առիթ է նաև, որ սիրիահայ կանայք ինտեգրվեն հայաստանյան կյանքին: Նրանք սովորելու մեծ ցանկություն ունեն և սիրով են հաճախում դասընթացներին: Միաժամանակ ծանոթանում են հայաստանցի կանանց հետ և մտերմանում: Մենք հայ կնոջ առաքելությունը տեսնում ենք նաև մշակույթի տարածման մեջ:
Ձեռագործությունը, ինչպես գիտեք, հատուկ է եղել կանանց, դարեր շարունակ նրանք են եղել այդ ամենի տարածողները: Մեկամյա գործունեության ընթացքում մեկ րոպե անգամ չենք մտածել դադարեցնել մեր աշխատանքները, այլ, ընդհակառակը, ձգտում ենք նոր ծիլեր տալ և առաջ ընթանալ:
Մեր հանձնախմբի ընկերուհիները բոլորը սիրահոժար գալիս են կազմակերպչական հարցերն իրականացնելու:Նրանք պատարաստակամ են ցանկացած հարցով նեցուկ լինել մեզ:Իրոք, ջանքուեռանդ չեն խնայում այս առումով:Եվ,հատկանշականն այնն է, որ, ձեռագործության գաղտինքները սովորելուց բացի, այստեղ ձևավորվում է նաև մարդկային ջերմ հարաբերություններ:
Ֆլորա Աքտավուքյան–Գահվեճյան–ՀՕՄ–ի Ձեռագործի և ձեռարվեստի հանձնախմբի ատենապետուհի.
-Մենք Սիրիայում նույնանման շրջանային վարչություն ունեինք, որտեղ եռանդով մասնակցում էինք հայկական մշակույթը պահպանելու գործունեությանը: Այդ օրերից հիմա շատ ջերմ հիշողություններ են պահպանվել: Սիրիայում ամեն կերպ փորձել ենք պահպանել մեր մամիկների ժառանգած ձեռագործության ավանդույթները, ինչն էլ այժմ Հայաստանում ենք շարունակում: Անչափ շնորհակալ ենք, որ Հայաստանում մեր գործը շարունակելու հնարավորություն ընձեռվեց:
Գործում են Այնթափի, Մարաշի, Վանի (Սվազ), Ուրֆայի, հելունագործության, կարպետագործության, լցակարի և մանրանկարչության խմբակներ: Բոլոր դասընթացներն ութ անգամ են անցկացվում, շաբաթը երկու անգամ՝ երկու ժամ տևողությամբ: Իսկ վերջում մասնակիցներին պարտադիր վկայագիր ենք հանձնում: Յուրաքանչյուր դասընթաց նվիրվում է որևէ տարածաշրջանի:
Հայաստանաբնակ կանայք հետաքրքրված են ձեռագործությամբ, սիրով են հաճախում դասընթացներին, փորձում հնարավորինս շատ գիտելիքներ ամբարել:Սպառման հիմնական աղբյուրը ցուցահանդես-տոնավաճառներն են, որոնք մեծամասամբ կազմակերպում են ՀՕՄ-ը և ՀՀ սփյուռքի նախարարությունը: Այդ ժամանակ էլ հնարավորություն ենք ունենում ներկայացնելու մեր պատրաստած աշխատանքները: Նաև մասնավոր պատվերներ ենք ստանում: Աշխատանքի համար կտորները հիմնականում Լիբանանից ենք բերում: Նպատակ ունենք հետագայում մեր վաճառատեղին ունենալ, ինչն ավելի կհեշտացնի աշխատանքը:
Անմասն չմնացինք նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նախաձեռնություններից:Նոր էր ստեղծվել հանձնախումբը, երբ որոշեցինք Անմոռուկի պատկերով դրոշ կարել և ապրիլի 24-ին բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց անմեղ նահատակների հիշատակին: Ւ դեպ, մեզ միացան աշխարհի 27 երկրներից Հայաստան ժամանած ՀՕՄ-ի 500 անդամուհիները:
Շնորհակալ եմ մեր հանձնախմբի անդամներին՝ Արփի Խուպիարյան-Առաքելայնին, Մայտա Ստամբուլյան-Դեմիրճյանին, Էլիզաբեթ Քարկոցյան-Գաբրիելյանին, Թալին Մկրտիչյան-Գաբրիելյանին, Փեգի Ավընյան-Պապօղլյանին, Սոնա Սարաջյանին և Լիզա Պապօղլյան-Միանսյանին: Նրանք, իսկապես, մեր օգնող ձեռքն են ու ամուր հենարանը:
Պատրաստեց Գևորգ Չիչյանը