Համերգ Ստոկհոլմում՝ նվիրված ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին
Մայիսի 15-ին Ստոկհոլմի Շիստա (Kista) եկեղեցում կայացավ «Հայրենիքիս» խորագիրը կրող բարեգործական համերգը: Շվեդիայում Հայ առաքելական եկեղեցու խորհրդի աջակցությամբ կայացած միջոցառումը կազմակերպել էին Շվեդիայում բնակվող դաշնակահարուհի Անի Թովմասյանը, երգչուհի Անի Ռուստամյանը և դուդուկահար Հայկ Հակոբյանը: Նպատակը մեկն էր՝ օգնության ձեռք մեկնել ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված հերոսների ընտանիքներին: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում է Լուսինե Օհանյանը:
Համերգի ընթացքում հնչեցին հայ մեծանուն կոմպոզիտորների, այդ թվում՝ Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Տիգրան Չուխաջյանի, Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործությունները, ինչպես նաև ժողովրդական և հայրենասիրական երգեր:
Երգչուհի Անի Ռուստամյանն իր անզուգական ձայնով հանդիսատեսին ևս մեկ անգամ հիշեցրեց մեր բարձրարժեք մշակույթի մասին: Նրա շնորհիվ կոմիտասյան ելևէջներով էր ողողվել ողջ եկեղեցին և հարակից տարածքը: Հայրենասիրական երգերով հանդես եկան Վարդան Ղազարյանը, Անդրանիկ Դերձակյանը և Նարեկ Պետրոսյանը: Դաշնակահարուհի Անի Թովմասյանի, դուդուկահար Հայկ Հակոբյանի, հարվածային գործիքներ նվագող Հակոբ Արթինյանի և Արմեն Սարգսյանի մատուցմամբ հայկական երաժշտության գոհարները ևս մեկ անգամ ոգևորեցին ոչ միայն հայ, այլ նաև օտարազգի հանդիսատեսին:
Անի Թովմասյանի կատարմամբ Առնո Բաբաջանյանի «Նոկտյուրնը» հիացրեց երեկույթի մասնակիցներին:
Համերգի ընթացքում Հայկ Հակոբյանը ներկայացրեց փողային գործիքների մի մեծ ընտրանի՝ դուդուկ, շվի, զուռնա, սաքսոֆոն: Միշտ ոգեշնչող «Բերդ», «Քոչարի», «Յարխուշտա» հայկական ազգագրական պարեղանակները շվեդաբնակ հայերին ևս մեկ անգամ հիշեցրեցին մեր պատմության հաղթական էջերի մասին:
Գոհար Ավագյանը ներկայացրեց հայ մեծանուն բանաստեղծների ստեղծագործությունները: Ներկայացվեցին Պարույր Սևակի, Հովհաննես Շիրազի, Համո Սահյանի և Նաիրի Զարյանի հայրենասիրական բանաստեղծությունները: Իսկ երբ հնչեցին Գևորգ Էմինի այսօր էլ արդիականությունը չկորցրած և սփյուռքահայերին բնորոշ «Մենք» բանաստեղծության բառերը, դահլիճում ներկաներից շատերը չկարողացան զսպել արցունքները:
Հաղորդավարուհի Մարիամ Մուրադյանը ներկայացրեց ապրիլյան պատերազմի դառը հետևանքները Արցախում, ինչպես նաև զոհված հերոսներ լեյտենանտ Բենիամին Եղոյանի (մանթաշցի Մոնթե) և շուշեցի Վազգեն Հարությունյանի մասին փոքր պատմություններ: Այս երկու հերոսների ընտանիքներին է տրամադրվելու համերգի տոմսերի վաճառքի արդյունքում գոյացած հասույթը՝ 15500 շվեդական կրոն: Բացի այդ՝ միջոցառումից հետո մեր հայրենակիցներից շատերը համերգի կազմակերպիչների հետ միասին ցանկացան նվիրատվություն իրականացնել: Համերգի կազմակերպիչները որոշեցին տեղում հավաքված 18500 կրոնը նվիրաբերել Շվեդիայում Հայ առաքելական եկեղեցու կողմից նոր բացված ծրագրին, որի շնորհիվ մի շարք հայ ընտանիքների, այդ թվում նաև Բ. Եղոյանի և Վ. Հարությունյանի ընտանիքներին, պարբերաբար օգնություն կտրամադրվի:
Համերգին ներկա հանդիսատեսը և օտարազգի երաժշտագետները հույս հայտնեցին, որ հնարավորություն կունենան ավելի հաճախ ունկնդրել մեր երաժիշտների կատարումները: Միջոցառման կազմակերպիչներն իրենց հերթին խոստացան, որ ծրագիրը շարունակական է լինելու:
Համերգին ներկա էր Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանը, ով ողջունեց շվեդահայ երաժիշտների նախաձեռնությունը։ Ֆինանսական օգնությանը զուգահեռ դեսպանը ընդգծեց Արցախին և հատկապես բանակին բարոյական օգնության ցուցաբերման կարևորությունը։ Բացի այդ դեսպանը կոչ արեց ներկաներին համախմբվել համահայկական նպատակների իրագործման հարցում՝ դրսևորելով աշխարհասփյուռ հայության միասնականությունը։