«Կանթեղ» երգչախմբի համերգին ներկա կլինեն նաև ազատամարտիկներ և զինվորներ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/05/kantegh1.jpg)
«Հայերն այսօրը» նախապես տեղեկացրել էր, որ մայիսի 18-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունենալու Լոս Անջելեսի «Կանթեղ» մեծահասակների աշուղական երգչախմբի համերգը` նվիրված ՀՀ Անկախության 25-ամյակին և հայ զինվորին:
Համերգին ընդառաջ «Հայերն այսօրը» զրուցել է երգչախմբի գեղարվեստական ղեկավար Գևորգ Չաքմանյանի հետ:
«Ի սկզբանե բոլորովին այլ ուղղվածություն էր ունենալու համերգը, սակայն ապրիլյան դեպքերից հետո որոշեցինք համերգը նվիրել մեր փառապանծ զինվորներին, այն կյանքի կոչելը մեր հոգու, խղճի պարտքն ենք համարում: Համերգին դահլիճում անպայման ներկա են լինելու ազատամարտիկներ, զինվորներ, որոնց շնորհիվ այսօր ողջ ենք ու ոտքի վրա կանգուն»,-ասաց Գևորգ Չաքմանյանն ու հավելեց, որ համերգին ելույթ են ունենալու նաև Երևանի պետական բժշկական համալսարանի օտարերկրացի ուսանողների «Վերնատուն» երգչախումբը՝ Ասատուր Չաքմանյանի գլխավորությամբ:
Գևորգ Չաքմանյանը տեղեկացրեց, որ համերգի կազմակերպումը երգչախմբի անդմաների մեծ ցանկությունն է եղել, որոնք սիրահոժար եկել են Մայր հայրենիք՝ նեցուկ լինելու Արցախին և հայ զինվորին:
Խոսելով Լոս Անջելեսի հայ համայնքի՝ Արցախի շուրջ համախմբված լինելու մասին, երգչախմբի ղեկավարը հետևյալն ասաց. «Ապրիլյան օրերին բոլորը մեկ մարդու պես հավաքվել էին՝ իրենց մտահոգությունը հայտնելով տեղի ունեցող իրադարձություններին, Լոս Անջելեսի հայությունն ամեն վայրկյան ապրում էր Արցախի շնչով, անասելի հպարտություն էինք զգում և հուզվում, երբ տեսնում էինք զինվորների անձնազոհ պայքարն ու սխրագործությունները: Համայնքը նաև տարբեր նախաձեռնություններով հանդես եկավ. Ադրբեջանի հյուպատոսարանի առջև երթեր կազմակերպեցին, տարբեր օժանդակություններ ցուցաբերեցին, և դա իրականացվում էր միայն մեկ գաղափարի շուրջ՝ ի նպաստ Արցախի և հայ ժողովրդի: Իսկ իմ «Կանթեղ» մշակութային հեռուստաժամի միջոցով Ադրբեջանի սանձարձակ գործողությունները դատապարտող կոչով հանդես եկա և հաղորդումը նվիրեցի հայ զինվորներին» :
Հավելենք, որ «Կանթեղ» երգչախումբը երևանյան համերգից հետո ավանդության համաձայն Տավուշի մարզում նույնպես համերգ կունենա: Ելույթներ են նախատեսվում Մովսես գյուղի մշակույթի տանը և սահմանային դիրքերում:
Գևորգ Չիչյան