ՀՀ սփյուռքի նախարարությունում քննարկվեցին ազգային ինքնության հարցեր
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/02/ինքնություն.jpg)
Փետրվարի11-ին ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համար ազգային ինքնության խնդիրների վերաբերյալ դասախոսությամբ հանդես եկավ Չինական միջազգային դպրոցի ավագ դպրոցի տնօրեն, Միջազգային Բակալավրիատի Դիպլոմային ծրագրի ղեկավար Վահագն Վարդանյանը: Նա տեսաշարով ներկայացրեց ազգային ինքնության մասին իր ուսումնասիրությունը, համեմատական վերլուծություն կատարեց այլ ժողովուրդների ինքնության հենասյուների հետ:
Վ.Վարդանյանն անդրադարձավ Ավստրալիայի, Հնդկաստանի, Չինաստանի, Սինգապուրի հայկական համայնքների խնդիրներին, Հայաստան-Սփյուռք կապերին, Սփյուռք-Սփյուռք առնչություններին, կարևորեց Հայաստանի կյանքին սփյուռքի ներգրավվածության հարցերը: Բանախոսը ներկայացրեց, մասնավորապես, Մելբուռնի և Սիդնեյի համայնքների համեմատական նկարագիրը, զարգացման միտումները և հեռանկարները: Ծավալվեց աշխույժ քննարկում:
ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը շնորհակալություն հայտնեց բանախոսին հետաքրքիր դասախոսության և արդյունավետ քննարկման համար:
Վահագն Վարդանյանը ուսանել է ԱՄՆ-ում Միսուրի նահանգի համալսարանում, ունի գործարար կառավարման մագիստրոսի և միջազգային հարաբերությունների մագիստրոսի գիտական աստիճաններ: 2005թ-ից ապրում և աշխատում է Արևելյան Ասիայում, դասավանդում է Միջազգային Բակալավրիատ ծրագրի շրջանակներում՝ Սինգապուրի Հիլսայդ Ակադեմիայում, որը առավել հայտնի է որպես Չինական միջազգային դպրոց: Ներկայում Վահագն Վարդանյանը Սինգապուրի ազգային համալսարանում դոկտորական հետազոտություն է իրականացնում քաղաքական աշխարհագրության բնագավառում: