Սովորում ենք հայերեն մեկ ամսում
«Սփյուռք» ամառային դպրոց-2015» ծրագիրն այլեւս իրողություն է: Այն մեկնարկեց Հայոց լեզվի արագացված դասընթացով, որին մասնակացում է ավելի քան 126 սփյուռքահայ: Դասընթացի արեւելահայերենի ուսուցիչ Արուս Հովհաննիսյանը, ով նաեւ դասավանդում է Մայր բուհում, ցավով է նշում, որ իր խմբում երեխաների հայերենի իմացությունը բավականին աղքատիկ է: Պատճառները, թերեւս, շատ են: «Իմ խմբում մասնակիցները հիմնականում Ուկրաինայից ու Ռուսաստանից են: Ճիշտ է` 3 օրում տառերն արդեն յուրացրել ենք, այնուամենայնիվ` դեռ անելիքներ շատ կան. մայրենին անսպառ է, այն նմանվում է օվկիանոսի, ինչքան սուզվում ես, հատակը չի նշմարվում: Ես սկսել եմ ամենապարզից, կենցաղային ամենասովորական բառերի ուսուցումից` ջուր, հաց, տուն, ծաղիկ, սար եւ այլն»,- նշում է տիկին Հովհաննիսյանը:
Իսկ հարցին` ո՞րն է նման վիճակի պատճառը, Արուս Հովհաննիսյանը պատասխանում է. «Մենք եւ Սփյուռքի նախարարությունը ակտիվ աշխատում ենք բոլոր հայկական համայնքների հետ: Սփյուռքում ունենք հիանալի ուսուցիչներ եւ կիրակնօրյա ու հայկական դպրոցներ, որոնք անում են ամեն ինչ հայապահպանության, լեզվի անաղարտության համար, սակայն երեխաները համարյա չեն այցելում, հետեւողական չեն, եւ այդ ամենը, ինչ խոսք, գալիս է ընտանիքից, միջավայրից, որոնք շատ բան են փոխում դեռահասի աշխարհընկալման մեջ. նա դեռ չի հասկանում` ինչ է ազգային ինքնությունը, դրա կարեւորությունը, եւ, ինքնաբերաբար, հեռանում է արմատներից եւ ամենակարեւորը` մայրենի լեզվից»:
Արեւելահայերենի արագացված դասընթացի մյուս խմբերից մեկի ուսուցիչը` Սոֆիկ Բաղումյանը, դեռեւս 1968 թվականից է աշխատում սփյուռքահայ պատանիների հետ, նրանց ծանոթացնում մայրենիի անսպառ գանձարանին: «Ինձ մոտ էլ երեխաները հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից են եւ մի քանիսը Վրաստանից, սակայն դարձյալ մայրենիի գիտելիքների պաշարը բավականին քիչ է` համեմատած Մերձավոր Արեւելքի երկրների հայկական համայնքներից եկած երեխաների իմացության հետ: Անգամ տարրական հաղորդակցության առումով խնդիրներ կան»: Տիկին Բաղումյանը ավելի մանրամասնեց խնդրի պատճառներն ու հետեւանքները.« Ռուսահայ համայնքը ձեւավորվել է վերջին 15-20 տարիների ընթացքում, եւ մարդիկ ինտեգրման խնդիր ունեն, ամեն ձեւ փորձում են շուտ մերվել շրջապատին, օտար միջավայրին, եւ սա առաջին հերթին բերում է լեզվի մոռացման: Ծնողները մտածում են` եթե երեխան ավելի քիչ խոսի հայերենով, ավելի շատ իր հասակակիցների հետ շփվի օտար լեզվով, շուտ կընտելանա, իրեն օտար չի զգա: Կարծես ներքին չգիտակցված թշնամանք է ձեւավորվում մայրենիի հանդեպ»:
Երկրորդ խնդիրն ըստ մասնագետի այն է, որ ծնողներից շատերը, ովքեր նոր են տեղափոխվել օտար միջավայր, չգիտեն տվյալ երկրի լեզուն, փորձում են իրենց` օտար դպրոց հաճախող երեխաներից սովորել որոշ բառեր, սկսում են շփվել այդ լեզվով` մոռացության մատնելով մայրենին: Բայց տիկին Բաղումյանը ուրախությամբ նշում է, որ երեխաները բավականին հետաքրքրություն են ցուցաբերում, ուզում են սովորել, ուղղակի պիտի փորձենք դա դարձնել համատարած նաեւ այն երեխաների շրջանում, ովքեր այս ծրագրին չեն մասնակցում:
Հարցին, իսկ ինչքանով են օգնում հենց այս ծրագրերը, տիկին Բաղումյանը նշում է. «Միանշանակ օգնում են: Նախ սովորում են բազային գիտելիքներ, տիրապետում մայրենիով տարրական հաղորդակցման հմտություններին, փորձում են շփումը իրականացնել հայերենով: Այսպիսով` մայրենին այեւս խորթ չի թվում: Այլ փրկություն չկա, պիտի լեզուն պահենք: Աբովյանը իզուր չէր ասում, որ ազգի հիմքը լեզուն եւ հավատն են: Մեր օրերում առաջնային պլան է գալիս հենց լեզուն»:
Ճիշտ է` 1 ամիսը շատ ժամանակ չէ, բայց հետաքրքրությունն ու պատրաստակամությունն այնքան մեծ են, որ թվում է` անհաղթելի ոչինչ չկա. սովորում ենք հայերեն ընդամենը մեկ ամսում:
Ամալյա Կարապետյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի