Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումը Դհոքում

«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ www.iraqhurr.org կայք-էջում Աբդուլ Խալիք Սուլթանը գրում է.

– Հայ առաքելական եկեղեցին Իրաքի Դհոք քաղաքում նշեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, որին զոհ գնացին 1,5 միլիոն հայեր: Դհոքի հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մասիս քահանա Շահինյանն այս առիթով մեր ռադիոկայանին ասաց. «Ամեն տարի աշխարհով մեկ Հայ առաքելական եկեղեցին նշում է Հայոց ցեղասպանության հիշատակը, որը տեղի ունեցավ 1915 թվականին: Ահա, 100 տարի անց մենք կոչ ենք ուղղում աշխարհի բոլոր պետություններին, որ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, որը ճանաչվել է ՄԱԿ-ի կողմից դեռևս անցյալ դարի 80-ական թվականներին»:

Իսկ Քուրդիստանի Խորհրդարանի հայ ներկայացուցիչ Երվանդ Էմինյանը հայտնեց, որ նա խորհրդարան է ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող նախագիծ:

Ձեռնարկների շրջանակներում կազմակերպվեցին լուսանկարների ցուցահանդես, ուր ներկայացվեցին այն բոլոր դաժանությունները, որոնց ենթարկվել ու ենթարկվում է մարդկությունը:

Հիշեցնենք, որ Քուրդիստանում ապրում է ավելի քան 3500 հայ, որոնց մեծամասնությունը կենտրոնացած է Դհոք քաղաքում և նրա մերձակա շրջաններում՝ Հավրեզքում և Ավզրուկում: Նրանք Հայ առաքելական եկեղեցու զավակներ են:

Scroll Up