Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգները Վրաստանում
Հայոց Ցեղասպանության վերապրածների ժառանգները Վրաստանում .այս խորագիրն էր կրում ապրիլի 4-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումը: Լուսանկարիչ Սերգեյ Ֆիդանյանի նախաձեռնությամբ «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ և Վիրահայոց թեմի հովանու ներքո կազմակերպված հեղինակային լուսանկարների ցուցադրությանը կցվել էին Ցեղասպանությունից փրկվածների և Վրաստանում ապաստանածների ժառանգների պատմությունները՝ հայերեն, վրացերեն, ռուսերեն:
Գալուստ Գյուլբենկյան սրահի պատերին փակցված լուսանկարները ներկայացնում էին Հայոց ցեղասպանությունը վերապրածների չորս սերնդի 34 ժառանգների, որոնց միավորել էր հայկական գենը և հայ ազգի նկատմամբ իրագործված ոճրագործությունը:
Ցուցադրությունը հետաքրքրությամբ դիտեցին և պատմություններն ընթերցեցին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Կարեն Մելիքյանը, հոգևոր հայրերը, թբիլիսահայ համայնքի անդամներ, հասարակայնության բազմալեզու ներկայացուցիչները, Ախալցխայից ժամանած հայ համայնքի անդամները:
Ողջունելով ներկաներին՝ Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանն անդրադարձ կատարեց ցուցադրության նպատակին, որն է՝ տարբեր մահասարսուռ, հուզումնալից պատմությունները վերհանելով հիշել Ցեղասպանությունը, դատապարտել ոճրագործությունը և պահանջել հատուցում:
Բոլոր ելույթ ունեցողները՝ Վան Բայբուրթյանը, Կարեն Մելիքյանը, Ենոք Թադևոսյանը, Հենրիխ Մուրադյանը, Յուրի Մեչիտովը, Ջիովանի Վեփվախեն, Ռուբեն Ռուխկյանը, Սամվել Մկրտչյանը, Անահիտ Բոստանջյանը, Վիկտորյա Մաքսոևան, Իրենա Օհանջանովան, արժևորեցին հեղինակի մտահղացումը՝ վերապրածների պատմություններով աշխարհին ցույց տալ կատարված ոճրագործությունը, հայ մարդու տեսակը և հայկական գենի հզորությունը: Իր ապրումներն ուսուցչուհի Մանանա Կարապետյանն արտահայտեց արտասանելով հատված Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից:
Երախտագիտություն հայտնելով Վիրայոց թեմի առաջնորդին և «Հայարտուն» կենտրոնի ղեկավարությանն աջակցության համար՝ լուսանկարիչ Սերգեյ Ֆիդանյանը ցուցահանդեսն համարեց իր ներդրումը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակին՝ հայտնելով այն Ջավախքում և քաղաքամայր Երևանում ցուցադրելու իր նպատակի մասին:
Վերջում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն, իր օրհնությունը բաշխելով ներկաներին, կարևորեց Սփյուռքահայության դերն ու նշանակությունը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և այն դատապարտելու գործում: Սրբազան Հայրը կոչ արեց հիշելով նահատակներին՝ պատասխանատվություն պահանջել ցեղասպանությունը կազմակերպող երկրից, նաև երախտապարտ լինել այն ազգերին ու ժողովուրդներին, ովքեր ապաստանեցին փրկվածներին, ում օգնությամբ վերապրածների ժառանգները շարունակում են ապրել, արարել և գործել Մայր Հայրենիքի և իրենց ապաստանած երկրի բարգավաճման համար:
Որոշվեց ցուցահանդեսի լուսանկարները և կցված պատմությունները հրատարակել առանձին գրքով: