Է. Նալպանտեան. Նախագահների Մակարդակով Հաստատուեց` Բանակցային Գործընթացին Այլընտրանք Չկայ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/10/Untitled-141.jpg)
ԱԳ նախարար Էդուարդ Նալպանտեանի ճեպազրոյցը լրագրողներու հետ` Ֆրանսայի, Հայաստանի եւ Ատրպէյճանի Նախագահներու` Փարիզի մէջ Հոկտեմբեր 27-ին կայացած հանդիպումէն ետք:
Ինչպէ՞ս կը գնահատէք, կ’ամփոփէք այսօրուան հանդիպումները:
Մենք շնորհակալ ենք Ֆրանսայի Հանրապետութեան Նախագահ Ֆրանսուա Օլանտին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման վերաբերեալ նախագահների մակարդակով Փարիզում հանդիպում կազմակերպելու համար:
Վերջին երեք ամսուայ ընթացքում ղարաբաղեան հիմնախնդրի հանգուցալուծմանը նուիրուած նախագահների արդէն երրորդ հանդիպումն է: Դա ցոյց է տալիս, որ եռանախագահող երկրները հաստատակամ են շարունակելու իրենց միասնական ակտիւ ջանքերը` ուղղուած հիմնախնդրի կարգաւորմանը:
Մենք բարձր ենք գնահատում հանդիպումների` յատկապէս ամենաբարձր մակարդակով հանդիպումների կազմակերպման եռանախագահների նախաձեռնութիւնները, որոնք հնարաւորութիւն են տալիս կողմերին աւելի լաւ ծանօթանալու միմեանց մօտեցումներին, եւ հնարաւորութիւն են ընձեռում փորձելու մօտեցնել դիրքորոշումները:
Այսօրուայ հանդիպումը կը բնորոշէի որպէս օգտակար, անկեղծ եւ կառուցողական:
Քննարկուեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորմանը վերաբերող բազմաթիւ հարցեր: Նախագահ Ֆրանսուա Օլանտի կողմից դեռ Մայիս ամսին տարածաշրջան իր այցելութեան ընթացքում առաջարկուել էր Փարիզի հանդիպմանը քննարկել վստահութեան ամրապնդման միջոցների իրագործումը: Այդ առաջարկը ողջունուել էր եռանախագահների կողմից: Մեր մօտեցումները համընկնում են եռանախագահների դիրքորոշման հետ առ այն, որ այդ միջոցների իրականացումը կարող է բարենպաստ պայմաններ ստեղծել բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու համար: Ատրպէյճանի մօտեցումը այլ է: Իրենք այլ ծայրից են մօտենում` կարծելով, որ եթէ բանակցութիւններում առաջընթաց արձանագրուի, ապա դա կարող է պայմաններ ստեղծել վստահութեան ամրապնդման միջոցառումների իրականացման համար: Սա յայտնի ատրպէյճանական մօտեցում է, որը եղել է նաեւ նախկինում:
Բաւականին հետաքրքիր քննարկումներ էին: Նախագահների հանդիպման ընթացքում նաեւ հնարաւորութիւն եղաւ անդրադառնալ մի շարք տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների, որոնք ցոյց տուեցին, որ որոշ հարցերի շուրջ Հայաստանի եւ Ատրպէյճանի մօտեցումները կարող են նաեւ մօտ լինել:
Բացի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ քննարկումներից, այսօր առաւօտեան Ֆրանսուա Օլանտի հետ մեր Նախագահի կայացած հանդիպման առաջին մասը նուիրուած էր Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ երկկողմ յարաբերութիւններին:
Մենք առանձնաշնորհեալ յարաբերութիւններ ունենք Ֆրանսիայի հետ, ամենաբարձր մակարդակի քաղաքական երկխօսութիւն, արդիւնաւէտ համագործակցութիւն միջազգային կազմակերպութիւններում` ՄԱԿ-ում, եւրոպական կառոյցներում, Ֆրանքաֆոնիայի կազմակերպութեան շրջանակներում եւ տարբեր այլ միջազգային ձեւաչափերում: Առեւտրատնտեսական յարաբերութիւններն են զարգանում, Ֆրանսիայի ներդրումների ընդհանուր ծաւալը մինչեւ 2013թ. ներառեալ հասել է մէկ մլրդ տոլարի: Զարգանում են միջխորհրդարանական յարաբերութիւնները, ընդլայնւում է ապակենտրոնացուած համագործակցութիւնը, զարգանում եւ ամրապնդւում են կապերը մշակութային եւ կրթական բնագաւառներում:
Երկկողմ յարաբերութիւնների օրակարգը բաւական յագեցած է, եւ մենք միշտ բազմաթիւ հարցեր ունենք քննարկելու: Նախագահների մակարդակով հանդիպման իւրաքանչիւր ամէն առիթ հնարաւորութիւն է ընձեռում քննարկելու այս հարցերը: Ֆրանսիայի նախագահը Մայիսին պետական այցելութեամբ գտնւում էր Հայաստանում, այս տարուայ ընթացքում տարբեր միջազգային ձեւաչափերում նախագահների հանդիպման երկու այլ հնարաւորութիւններ են եղել: Միւս տարուայ առաջին կէսին սպասւում է Ֆրանսուա Օլանտի այցելութիւնը Հայաստան:
Այս հանդիպման իբրեւ արդիւնք մենք կրնա՞նք արձանագրել` ինչ-որ տեղաշարժ եղա՞ծ է, թէ՞ ոչ: Ատրպէյճանը կը շարունակէ՞ մնալ իր դիրքորոշման մէջ:
Դուք երեւի նկատեցիք, որ իմ հնչեցրած գնահատականներում որաշակի դրական երանգ կար: Դա պատահական չէ: Երբ մենք ասում ենք, որ բանակցութիւնները կառուցողական, անկեղծ, օգտակար էին դա ինչ-որ մի բան նշանակում է:
Կարծում եմ, որ այսօր եւս մի փոքր քայլ արուեց դէպի կողմերի դիրքորոշումների մօտեցումը: Ի հարկէ սա բարդ գործընթաց է: Մէկ կամ մի քանի հանդիպումներով դժուար է բեկումնային առաջընթաց ակնկալել: Գիտէք, որ վերջին տարիների ընթացքում` 2008թ.ից սկսուած` Հայաստանի եւ Ատրպէյճանի նախագահների մակարդակով 17 հանդիպում է կայացել: Կ’ասէի, որ այս հանդիպումները հնարաւորութիւն են տալիս երկու երկրների ղեկավարներին առաւել ծանօթանալու միմեանց մօտեցումներին, եւ պարզելու հնարաւորութիւների շրջանակը դէպի հիմնախնդրի կարգաւորում առաջ շարժուելու համար: Կարծում եմ այս իմաստով հանդիպումը դրական էր:
Պարոն նախարար, նախնական պայմանաւորուածութիւն ձեռք բերուեցա՞ւ յաջորդ հանդիպման վայրի, ժամկէտի մասին: Արդեօ՞ք ատիկա պիտի ըլլայ Նիւ-Եորքի` ՄԱԿ-ի գլխաւոր ժողովի նիստին ընթացքին:
Յաջորդ հանդիպման վայրի, ժամկէտների մասին պայմանաւորուածութիւն ձեռք չի բերուել: Պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել ակտիւացնել շփումները: Եթէ 2012թ. եւ 2013թ. մէկական հանդիպում է եղել նախագահների մակարդակով, ապա 2014թ. արդէն 3 հանդիպում է կայացել: Շփումներն ակտիւացել են: Կարծում եմ, որ նախագահների, արտգործնախարարների մակարդակով յետագայում ակտիւ շփումները կը շարունակուեն: Մինչ յաջորդ գլխաւոր ասամբելայի նիստը դեռ մէկ տարի կայ, եւ եթէ երկու նախագահները այդ կապակցութեամբ լինեն Նիւ-Եորքում, հնարաւոր է, որ համանախագահները կը փորձեն նախաձեռնել նման հանդիպում:
Պարոն նախարար, արդեօ՞ք քննարկուած է դիպուկահարներու ետ քաշման հարցը:
Ես ասացի, որ Ֆրանսիայի նախագահ Օլանտը առաջարկում էր մի շարք փոխվստահութեան միջոցներ իրականացնել: Այդ շարքում էին նաեւ շփման գծում եւ սահմանին միջադէպերի քննութեան մեխանիզմի ստեղծումը, դիպուկահարների հետ քաշումը, հրադադարի ռեժիմի ամրապնդումը եւ այլն:
Այդ բոլոր առաջարկներն ողջունւում են նաեւ եռանախագահների կողմից: Ինչպէս գիտէք թէ՛ Հայաստանը, թէ՛ Ղարաբաղը միշտ դրական են արտայայտուել այս կարգի քայլերի իրականացման վերաբերեալ: Բայց ինչպէս ես նկարագրեցի, ատրպէյճանական կողմը հակառակ կողմից է մօտենում: Կ’ասէի, որ այդքան էլ պատրաստ չէ դրան: Կրկնեմ` իրենք կարծում են, որ երբ առաջընթաց արձանագրուի բանակցութիւններում, այդ ժամանակ հնարաւոր կը լինի քննարկել վստահութեան ամրապնդման միջոցները: Եթէ առաջընթաց լինի, եթէ ինչ-որ լուծումների գանք, ապա կարծում եմ արդէն փոխվստահութեան ամրապնդման միջոցների ահրաժեշտութիւն էլ այս աստիճանի չի լինի: Ակնյայտ է, որ առանց փոխվստահութեան անհնար է հանգուցալուծում: Աւելի շուտ փոխվստահութեան ամրապնդման միջոցառումները պէտք է բարենպաստ պայմաններ ստեղծեն առաջընթաց արձանագրելու համար:
Կարծէս թէ Օլատը կոչ ըրած է սկսելու մշակել խաղաղութեան մեծ պայմանգիրը: Այս բանակցութիւններուն, այսօրուան ընթացքին նման ինչ-որ հարց քննարկուա՞ծ է, թէ՞ ոչ:
Այդպիսի կոչեր մշտապէս եղել են: Դրանք պէտք է դիտարկել այն կոնտեքստում, որ երբ մենք պայմանաւորուածութեան գանք հիմնախնդրի կարագաւորման հիմնարար սկզբունքների շուրջ, դա հնարաւորութիւն կը տայ, հիմք կը հանդիսանայ մեծ պայմանագրի մշակման համար: Քանի որ հիմնարար սկզբունքների շուրջ վերջնական պայմանաւորուածութիւն դեռ չի ձեռք բերուել, այսօր այդպիսի հարց չի կարող քննարկուել:
Պարոն նախարար, իսկ օգոստոսեան իրադարձութիւններուն ինչ-որ ձեւով անդրադարձա՞ծ են:
Դուք պէտք է ի նկատի ունենաք, որ այս հանդիպումը շարունակութիւնն էր Ռուսաստանի նախագահի նախաձեռնութեամբ եւ մասկնակցութեամբ` Սոչիում կայացած հանդիպման, որը բաւական լիցքաթափեց լարուածութիւնը սահմանին եւ շփման գծում: Նաեւ շարունակութիւնն էր Նիւպորտում Միացեալ Նահանգների պետքարտուղարի նախաձեռնութեամբ կայացած հանդիպման: Այս հանդիպումների շարքը ցոյց է տալիս, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ձեւաչափը չնայած միջագային բեմահարթակում ի յայտ եկած որոշ դժուարութիւնների, շարունակում է մնալ բաւական գործուն ձեւաչափ: Եռանախագահները շարունակում են համատեղ ջանքերը, դրա մասին է խօսում նաեւ այն, որ այսօրուայ հանդիպմանը հրաւիրուած էին նաեւ համանախագահները, մասնակցելու թէ՛ Հայաստանի եւ Ատրպէյճանի նախագահների հանդիպմանը, թէ՛ եռակողմ` Հայաստանի, Ատրպէյճանի եւ Ֆրանսիայի նախագահների հանդիպմանը:
Իսկ կա՞յ արդեօք տրամադրութիւններու տարբերութիւն Սոչիէն մինչեւ Փարիզ:
Կարծում եմ, որ տրամադրուածութիւնները աւելի դրական էին: Նախագահների մակարդակով հաստատուեց, որ գոյութիւն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափը` ՄԱԿ-ի ԱԽ անվտանգութեան խորհրդի երեք մշտական անդամ երկրների մասնակցութեամբ, դա գործուն եւ արդիւնաւէտ ձեւաչափ է:
Կարեւոր է, որ նախագահների մակարդակով հաստատուեց` բանակցային գործընթացին այլընտրանք չկայ, եւ պէտք է գնալ խաղաղ կարգաւորման, խաղաղութիւն հաստատել մեր տարածաշրջանում, որպէսզի ժողովուրդները օգտուեն այդ խաղաղութիւնից: