Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միջխորհրդարանական միութեան բրիտանական խմբին

Փետրուարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն

Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միջխորհրդարանական միութեան բրիտանական խմբի անդամներին: Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարեւորեց երկու երկրների միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, ապա իր գնահատանքը յայտնեց Միջխորհրդարանական միութեան բրիտանական խմբի ներկայացուցիչներին` հայ ժողովրդին յուզող խնդիրների լուծման համար ցուցաբերուող զօրակցութեան համար:

Իր խօսքում Վեհափառ Հայրապետը մասնաւորապէս անդրադարձաւ Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման, ինչպէս նաեւ Ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման ուղղութեամբ Հայ Առաքելական Եկեղեցու կողմից գործադրուող ջանքերին: Նորին Սրբութիւնը ներկայացրեց նաեւ տարածաշրջանի հոգեւոր առաջնորդների հանդիպումների արդիւնքները, կարեւոր նկատեց միջազգային հանրութեան ջանքերը` տարածաշրջանում խաղաղութեան կայունացման եւ վերահաստատման համար:

Զրոյցի ընթացքում ներկաներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին Ամենայն Հայոց

Կաթողիկոսին, որոնք վերաբերում էին Կաթոլիկ եւ Անգլիկան Եկեղեցիների հետ Հայ Առաքելական Եկեղեցու գործակցութեանը, Եկեղեցի եւ պետութիւն յարաբերութիւններին, Եկեղեցու ներկայիս գործունէութեանը:

Scroll Up