Լրագրողներու Համահայկական 8-րդ Համաժողովի Մասնակիցները Հանդիպում Մը Ունեցան Արտաքին Գործոց Նախարարին Հետ

Հոկտեմբեր 20-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդուարդ Նալպանտեան ընդունեց Լրագրողներու համահայկական 8-րդ համաժողովի` 27 պետութիւններէ ժամանած մասնակիցները: Հանդիպման ներկայ էր ՀՀ Սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեան:

ՀՀ ԱԳՆ մամլոյ ծառայութեան փոխանցմամբ` նախարար Նալպանտեան, ողջունելով Սփիւռքի լրագրողները Արտաքին գործոց նախարարութեան մէջ, կարեւոր համարեց նման ձեւաչափով հանդիպումները` արտերկրի մէջ բնակող մեր հայրենակիցներուն Հայաստանի արտաքին քաղաքականութեան մասին անմիջականօրէն տեղեկացնելու առումով:

Էդուարդ Նալպանտեան ներկայացուց Հայաստանի դիւանագիտութեան առաջնահերթութիւնները, մասնաւորապէս` Ցեղասպանութեան դատապարտման եւ մարդկութեան դէմ նոր ոճրագործութիւններու կանխարգելման ուղղութեամբ Հայաստանի առաջնորդող դերակատարութիւնը, մանրամասն անդրադարձաւ ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացքին, Մերձաւոր Արեւելքի մէջ տեղի ունեցող զարգացումներուն, սուրիական ճգնաժամին եւ այդ ծիրէն ներս` սուրիահայերուն ցուցաբերուող օժանդակութեան:

Անդրադառնալով ղարաբաղեան հիմնախնդիրի կարգաւորման` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը նշեց. «Ես նախկինում էլ եմ ասել, բայց, ծանօթանալով Պաքուից հնչող վերջին յայտարութիւններին, ստիպուած եմ կրկնել` Ատրպէյճանում կորցրել են իրականութեան զգացումը: Այն աստիճան են կորցրել, որ իրենք իրենց ներքին օգտագործման համար հնարած միֆերը փորձում են հրամցնել արդէն ոչ միայն սեփական հասարակութեանը, այլեւ միջազգային հանրութեանը:

Պաքուն պնդում է, թէ պատրաստ է փոխզիջումների: Որո՞նք են, ըստ ատրպէյճանական կողմի, իրենց զիջումները. Լեռնային Ղարաբաղի անվտանգութեան ապահովումը՞, ինչպէս իրենք են առաջարկում, երկու ժողովուրդների միջեւ խաղաղ գոյակցութիւնը՞: Սա արդէն նման է ոչ թէ զիջման, այլ` սպառնալիքի. եթէ չանէք մեր ասածը, ապա խաղաղութիւն չի լինի: Ինքնավարութեան տրամադրումը՞: Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ Ատրպէյճանը որեւէ վերահսկողութիւն չի ունեցել Լեռնային Ղարաբաղի վրայ, առաւելեւս այսօր: Իսկ հիմա իր վերահսկողութեան տակ ինքնավարութիւ՞ն է առաջարկում, եւ դա մատուցում է որպէս զիջու՞մ: Այսինքն` որպէս զիջում առաջարկում է մի բան, որից շատ աւելին Արցախն ունի այսօր:

Ատրպէյճանի ղեկավարութիւնը իր վերջին յայտարարութիւններում պնդում է, թէ եռանախագահների առաջարկութիւնները համահունչ են իրենց մօտեցումների հետ: Բայց այս յայտարարութիւններից ընդամէնը օրեր առաջ Ատրպէյճանի նախագահը խոստովանեց, որ միջազգային հանրութիւնը իրեն ստիպում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը, իսկ նա ընդդիմանում է: Եթէ դիրքորշումներն այդքան համահունչ են, ապա պէտք է ճանաչել Արցախի անկախութիւնը, ոչ թէ ընդդիմանալ:

Ակնյայտ է, որ Ատրպէյճանը խճճուել է իր մօտեցումների մէջ եւ նրան օգնութիւն է հարկաւոր այդ վիճակից դուրս գալու համար: Հիմնահարցի հանգուցալուծման համար Ատրպէյճանը պէտք է ընդունի այն միջազգային միջնորդական օգնութիւնը, որն առաջարկում է ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահութիւնը` Ռուսաստանը, Միացեալ Նահանգները ու Ֆրանսիան:

Համանախագահ երկրների ղեկավարները իրենց մօտեցումներն արտայայտել են ղարաբաղեան հիմնախնդրի վերաբերեալ արուած յայտնի հինգ յայտարարութիւններում: Եթէ դրանք համահունչ են Ատրպէյճանի դիրքորշմանը, ապա ինչու՞ է Պաքուն մինչ այսօր ամէն կերպ խուսափում ոչ միայն իբրեւ բանակցութիւնների հիմք ընդունել դրանցում որպէս մէկ ամբողջութիւն ամրագրուած սկզբունքներն ու տարրերը, այլեւ խորշում դրանց որեւէ յղում կատարել, ինչպէս դա պատահեց Արեւելեան գործընկերութեան Ռիգայի գագաթաժողովում, որից ատրպէյճանական պատուիրակութիւնը ուղղակի փախուստի դիմեց:

Ատրպէյճանի ապրիլեան ագրեսիայից վեց ամիս անց Պաքւում յանկարծ մի նոր միֆ են յօրինել, թէ ով է սանձազերծել ռազմական գործողութիւնները, կոպտօրէն խախտել միջազգային մարդասիրական իրաւունքը եւ բարբարոսութիւններ գործել` փորձելով մեղադրել հայկական կողմին այն ամէնում, ինչով հէնց իրենք շարունակաբար պարծենում էին լրատուական միջոցներով, սոցիալական ցանցերով եւ այդ յանցանքների հեղինակներին բարձր պարգեւներ շնորհելով:

Այնպիսի տպաւորութիւն է ստեղծւում, որ Ատրպէյճանի բարձրագոյն պաշտօնեաների շրջանում սուտ ասելու եւ սեփական հանրութեանը մոլորեցնելու մրցոյթ է յայտարարուել: Բայց դէ բոլորս գիտենք, թէ նման մրցոյթներում ով է միշտ յաղթանակած դուրս գալիս Ատրպէյճանում:

Սակայն այսօր ատրպէյճանական ղեկավարութեան առասպելաբանութիւնը տարածւում է ոչ միայն ղարաբաղեան հիմնախնդրի վրայ:

Ըստ Պաքուի` Ատրպէյճանում առանց բացառութեան յարգւում են բոլոր ժողովրդավարական նորմերը: Օրինակ` ծաղկում է քաղաքացիական հասարակութիւնը: Բայց պարզւում է նոյն կարծիքին չէ ՄԱԿ-ի յատուկ զեկուցողը, ով Սեպտեմբերի վերջին յայտարարեց, որ քաղաքացիական հասարակութիւնն Ատրպէյճանում կաթուածահար է եւ անկախութիւնից ի վեր ամենավատ վիճակում է գտնւում: Մարդու իրաւունքների հարցերում Ատրպէյճանի խայտառակ իրականութեան վերաբերեալ, ի հարկէ, միջազգային կառոյցներից շատ այլ մէջբերումներ կարելի է անել:

Պաքուի կարծիքով իրենց երկրում մամուլը լիակատար ազատութիւն է վայելում: Մինչդեռ, Լրագրողների պաշտպանութեան կոմիտէի համաձայն, Ատրպէյճանը դասւում է աշխարհի տասը ամենագրաքննուող երկրների շարքում: Աւելին` զբաղեցնում է «պատուաւոր» հինգերորդ տեղը: Աշխարհում Մամուլի ազատութեան ցուցիչով Ատրպէյճանը 179 երկրների շարքում զբաղեցնում է 163-րդ տեղը:

Ատրպէյճանի ղեկավարները սիրում են կրկնել, որ իրենք կառուցում են բազմամշակութային, բազմակրօն, հանդուրժողականութեան վրայ հիմնուած հասարակութիւն: Իսկ ինչպէ՞ս է դա համադրւում Եւրոպայի խորհրդի Ռասիզմի եւ անհանդուրժողականութեան դէմ եւրոպական յանձնաժողովի 2016թ. հերթական զեկոյցի հետ, որտեղ խոր մտահոգութիւն է յայտնւում` ինչպէս պետական մակարդակով հակահայկական ատելութեան քարոզչութեան, այնպէս էլ Ատրպէյճանի ազգային եւ կրօնական փոքրամասնութիւնների նկատմամբ կիրառուող խտրականութեան վերաբերեալ:

Ատրպէյճանի ղեկավարութեան ամենասիրելի փուչիկը` տնտեսութեան վերաբերեալ, եւս պայթեց նախորդ տարի, երբ, նաւթի եւ կազի գների անկման հետ կապուած, տնտեսութիւնը լուրջ ցնցումների ենթարկուեց, իսկ ազգային արժոյթը` մանաթը, Պլումպերկ գործակալութեան տուեալներով` աշխարհում ամենամեծ անկումը գրանցեց: Այսինքն` Ատրպէյճանը նստած էր կազի եւ նաւթի ասեղի վրայ, ասեղը ծակեց այդ փուչիկը, եւ կամաց-կամաց օդը դուրս եկաւ: Սա էր իրենց գովերգած ամբողջ յաջողութիւնը:

Այսքանից յետոյ, կարծում եմ, աւելորդ է հարցը, թէ ով կարող է հաւատալ այս կեղծարարութիւններին»:

Scroll Up