Ոսկերչական Գործի Արդի Վիճակը. Խնդիրներն Ու Հեռանկարները
Հոկտեմբեր 29-ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեան Կարէն Դէմիրճեանի անուան Մարզահամերգային համալիրին մէջ մասնակցեցաւ «Ոսկերչական գործի արդի վիճակը. խնդիրներն ու հեռանկարները» խորագիրը կրող համաժողովին:
Համաժողովին կը մասնակցէին հարիւրէ աւելի ոսկերիչներ, որոնց հիմնական մասը սփիւռքահայեր են:
Համաժողովին բացման խօսքով հանդէս եկաւ Հայ ոսկերիչներու համաշխարհային միութեան նախագահ, ՀՀ Նախագահի խորհրդական Գագիկ Գէորգեան: Ներկաներուն ողջունեց ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեան:
Իր խօսքին մէջ ՀՀ սփիւռքի նախարարը նշեց. «Յարգելի´ ոսկերիչներ, արդէն 3-րդ անգամ էք ցուցադրում ձեր աշխատանքները Հայրենիքում, որը ցոյց է տալիս ձեր ուժը, կազմակերպուածութիւնը եւ ճաշակը: Հայ ոսկերչութիւնը ունի հազարամեակների պատմութիւն. շատ ազգեր դեռ պղինձ էին օգտագործում, երբ հայերը ոսկին ու ադամանդը ներկայացնում էին Եւրոպայում: Հայ ոսկերիչների աշխատանքները սուլթաններն ու շահերն են նուիրել թագաւորներին: Այսօր հայկական Սփիւռքի բոլոր համայնքներում կան հայ ոսկերիչներ, եւ ուրախ եմ, որ դուք միաւորւում էք, դառնում մէկ բռունցք: Ուրախ եմ, որ այն, ինչ անում էք, համբաւ ու փառք է բերում Հայաստանին: Դուք պէտք է ձեր ջանքերն ուղղէք Հայաստանը ոսկէ Հայրենիք դարձնելու համար»:
Ողջոյնի խօսքով հանդէս եկան նաեւ Ոսկեգործութեան համաշխարհային միութեան նախագահ Գայտանօ Կաւալյերը եւ այլք: