Ոսկերչական գործի արդի վիճակը. խնդիրներն ու հեռանկարները
Հոկտեմբերի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում մասնակցեց «Ոսկերչական գործի արդի վիճակը. խնդիրներն ու հեռանկարները» խորագիրը կրող համաժողովին:
Համաժողովին մասնակցում էին հարյուրից ավելի ոսկերիչներ, որոնց հիմնական մասը սփյուռքահայեր են:
Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ Հայ ոսկերիչների համաշխարհային միության նախագահ, ՀՀ Նախագահի խորհրդական Գագիկ Գևորգյանը: Ներկաներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Իր խոսքում ՀՀ սփյուռքի նախարարը նշեց. «Հարգելի´ ոսկերիչներ, արդեն 3-րդ անգամ եք ցուցադրում ձեր աշխատանքները Հայրենիքում, որը ցույց է տալիս ձեր ուժը, կազմակերպվածությունը և ճաշակը: Հայ ոսկերչությունը ունի հազարամյակների պատմություն. շատ ազգեր դեռ պղինձ էին օգտագործում, երբ հայերը ոսկին ու ադամանդը ներկայացնում էին Եվրոպայում: Հայ ոսկերիչների աշխատանքները սուլթաններն ու շահերն են նվիրել թագավորներին: Այսօր հայկական Սփյուռքի բոլոր համայնքներում կան հայ ոսկերիչներ, և ուրախ եմ, որ դուք միավորվում եք, դառնում մեկ բռունցք: Ուրախ եմ, որ այն, ինչ անում եք, համբավ ու փառք է բերում Հայաստանին: Դուք պետք է ձեր ջանքերն ուղղեք Հայաստանը ոսկե Հայրենիք դարձնելու համար»:
Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Ոսկեգործության համաշխարհային կոնֆեդերացիայի նախագահ Գաետանո Կավալյերին և այլք: