Ավստրալիայի Ռայդ քաղաքը Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ բանաձեւ է ընդունել

Ավստրալիայի Ռայդ քաղաքի խորհրդի նիստում Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ միաձայն բանաձեւ է ընդունվել։ Այս մասինNEWS.am-ը տեղեկանում է Ավստրալիայի հայ դատի հանձնախմբի մամուլի ծառայությունից։
10 տարի առաջ Ռայդ քաղաքի Խորհուրդը դարձավ Ավստրալիայի առաջին տեղական խորհուրդը, որը 1915-1923թթ. կատարվածը որակեց Ցեղասպանություն։ Այս տարի բանաձեւը ընդունվել է՝ նպատակ ունենալով հարգանքի տուրք մատուցել 1.5 մլն զոհերի հիշատակին։ Բանաձեւի նախագիծը, ինչպես 10 տարի առաջ, այս անգամ նույնպես ներկայացրել է քաղաքային խորհրդի անդամ Սարգիս Եդելյանը։ Քննարկումների ժամանակ նիստերի դահլիճը լեփ-լեցուն է եղել։ Ռայդի հայկական համայնքի շատ հայեր ելույթ են ունեցել՝ ընդգծելով այդ փաստաթղթի կարեւորությունը։
Դրանից զատ, ավստրալական մամուլը աննախադեպ կերպով անդրադարձել էր Հայոց ցեղասպանության թեմային։ The Australian-ը, The Sydney Morning Herald-ը, The Australian Financial Review-ը, SBS TV-ն եւ ABC TV-ն լայնորեն մեկնաբանել էին Հայոց ցեղասպանության թեման։
Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը հայտարարել է, որ ողջունում է Ռայդ քաղաքի խորհրդի ընդունած բանաձեւը։
«Ռայդը հերթական անգամ ցուցադրեց Հայոց ցեղասպանության հարցում իր ամուր բարոյական եւ սկզբունքային դիրքորոշումը։ Ես շնորհակալ եմ Եդելյանին եւ Խորհրդի բոլոր անդամներին հատկապես 100-ամյակին ցուցաբերած հաստատուն եւ անփոփոխ աջակցության համար»,- հայտարարել է նա։