ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը Ստավրոպոլում կայանալիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խորհրդաժողովին

Հարգելի՛ հայրենակիցներ, գիտաժողովի հարգարժա՛ն մասնակիցներ,

Ջերմորեն ողջունում եմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողով անցկացնելու Ձեր նախաձեռնությունը:

Համայնքային այսօրինակ ակտիվությունը և նպատակաուղղված գործունեությունը, անկասկած, արժանի են բարձր գնահատականի և դրվատանքի:

Խորհրդանշական է, որ Ձեր գիտաժողովն անցկացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, երբ համայն հայությունը առավել քան երբևէ գիտակցում է, որ հայրենիքի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է համախմբվել, դառնալ միասնական ու վճռական, հանդես գալ հստակ ծրագրով՝ արդարությունը վերահաստատելու և Հայոց պահանջատիրությունը վերջնական հանգրվանի հասցնելու համար:

Իմ խորին համոզմամբ ստավրոպոլյան այս գիտաժողովը նշանակալից քայլ կլինի նշված խնդիրների լուծման ճանապարհին:

Հայ դատի արդար լուծման, պահանջատիրության, Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ տարվող աշխատանքներում հայկական համայնքային կառույցների մասնակցությունը չափազանց կարևոր եմ համարում:

Ես հավատում եմ, որ դուք ձեր հետևողական աշխատանքով, ձեր հաստատակամությամբ մեծապես կնպաստեք հայության, նաև համայն մարդկության խաղաղ ապագայի կերտմանը, քանզի անհարիր է նոր ցեղասպանությունների կրկնությունը:

Թու՛յլ տվեք առանձնակի շնորհակալություն հայտնել Ստավրոպոլի երկրամասի ‹‹Նաիրի›› հայկական ազգամշակութային ինքնավարությանը՝ ի դեմս պարոն Բեյրումովի և կազմկոմիտեի բոլոր անդամների՝ այս գիտաժողովը կազմակերպելու համար և մաղթել բովանդակալից ու արդյունավետ աշխատանք:

 Հարգանքով՝

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

Scroll Up