Շարունակելու ենք մեր պայքարը, մինչև Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ճապոնիայի «Ասահի» օրաթերթի ժնևյան գրասենյակի ղեկավար և Մոսկվայի գրասենյակի լրագրող Իչիրո Մացուոյին:

Ողջունելով հյուրին՝ Նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց ճապոնացի լրագրողի ցուցաբերած հետաքրքրությունը հայ ժողովրդի, նրա պատմության ու մշակույթի հանդեպ և Ճապոնիայում 10 միլիոն տպաքանակով հրատարակվող օրաթերթում Հայոց ցեղսպանության վերաբերյալ հարցազրույցներ և հոդվածներ հրապարակելու լրագրողի ազնիվ մղումը:

Սփյուռքի նախարարը պատասխանելով ճապոնացի լրագրողի այն հարցին, թե ինչ իմաստ ունի Հայոց ցեղասպանության ճանաչումը, երբ շատ քիչ վերապրողներ են մնացել, ասաց,-«Սակայն չէ՞, որ աշխարհի ավելի քան հարյուր երկրում ապրում են միլիոնավոր մարդիկ, ովքեր Հայոց ցեղասպանության զոհերի ու տուժածների, հայրենազրկվածների ժառանգներն են, նրանք չեն լռելու և պահանջվելու են իրենց պատմական հայրենիքը, մարդկության դեմ ուղղված ոճրագործության ճանաչումն ու հետևանքների վերացումը: Դա և՛ քաղաքական, և՛ բարոյական, և՛ ազգային, և համամարդկային պահանջ է: Մենք ո՛չ թե մեկ ու կես միլիոն, այլ տասնյակ միլիոններ ենք կորցրե, նրանք պատասխան են տալու նաև չծնված երեխաների համար: Թուրքիան որքան էլ փորձի ժխտել, աշխարհում ապրում են 7 միլիոն հայեր և դա ցեղասպանության հետևանք է»:

Նախարարը ներկայացրեց Ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման իրավական և քաղաքական հիմքերը, հայոց պահանջատիրության շրջանակները: Նա նշեց, որ և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում դեռ շարունակվում են Ցեղասպանության հետևանքնեևը՝ բարոյական, հոգեբանական, ֆինանսական վնասներ պատճառելով հայությանը: Թեև Թուրքիան փակել է պատմությունն իր ժողովրդի առաջ, սակայն ուզի, թե չուզի ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը մի հանգրվան է, որ ի մի բերենք եղած հնարավորությունները և շարունակենք մեր պայքարը»,- ընդգծեց նախարարը:

Իչիրո Մացուոն շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և ցանկություն հայտնեց 2015թ. նորից գալ Հայաստան և հոդվածաշար պատրաստել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների վերաբերյալ:

 Նախարար Հրանուշ Հակոբյանը ճապոնացի լրագրողին Հայաստան հրավիրեց Ապրիլի 24-ին:

Scroll Up