Սպիտակ Տուն. Օբաման պատմական փաստերի ճանաչման կողմնակիցն է

Միացյալ Նահանգների նախագահը եւ վարչակազմի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ բազմիցս են ճանաչել պատմական այն փաստը, որ Օսմանյան Թուրքիայի գոյության վերջին տարիներին մեկեւկես միլիոն հայ սպանվել կամ ստիպողաբար մահվան են ուղարկվել անապատում։ Այդ մասին ասել է Սպիտակ Տան մամուլի քարտուղար Ջոշ Էրնեստը՝ պատասխանելով նախագահ Օբամայի՝ Մեծ Եղեռնի կապակցությամբ ապրիլի 24-ին նախապատրաստվող հայտարարության մեջ «ցեղասպանություն» բառի օգտագործման վերաբերյալ հարցին։

«Նախագահը եւ վարչակազմի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ բազմիցս են ճանաչել պատմական այն փաստը, որ Օսմանյան Թուրքիայի գոյության վերջին տարիներին մեկեւկես միլիոն հայ սպանվել կամ ստիպողաբար մահվան են ուղարկվել անապատում: Մենք ընդգծել ենք նաեւ, որ մենք սգում ենք այդ մահերի համար եւ որ այդ փաստի լիարժեք, անկեղծ ու արդար ճանաչումը մեր բոլորի, այդ թվում՝ Թուրքիայի, Հայաստանի եւ Ամերիկայի շահերից է բխում»,- ընդգծել է Էրնեստը։

Ազգերն ավելի հզոր են, երբ զարգանում են՝ ճանաչելով սեփական անցյալի վտանգավոր դրվագները, եւ հենց դրա ճանաչման մեջ է նոր, ավելի հանդուրժող ապագա կառուցելու ճանապարհը, նշում է Սպիտակ տան մամուլի խոսնակը: Նրա խոսքով, պատմական այդ փաստի ճանաչման անհրաժեշտությունը տարիների ընթացքում առաջնորդել է ամերիկյան վարչակազմի մոտեցումը։

«Նախագահն ավանդաբար ապրիլի վերջին հայտարարություն է տարածում այս իրավիճակի կապակցությամբ, այդ ահավոր պատմական իրադարձության կապակցությամբ, եւ ես չեմ կարծում, որ մինչ այդ մեր քաղաքականությունը կփոխվի»,- նկատել է Էրնեստը:

Scroll Up