Փորձ չունեցող 150 երիտասարդ աշխատանք է գտել ՄԱԿ-ի ու գործատուների համագործակցության արդյունքում

Հայաստանի բուհերն ավարտած և աշխատանքային փորձ չունեցող 240 երիտասարդներից 150-ն անցել են աշխատանքի Հայաստանի առաջատար կազմակերպություններում «Երիտասարդների առաջխաղացման արահետ» ծրագրի միջոցով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՄԱԿ-ի Զարգացման գլոբալ պայմանագիր ծրագրի օգնական Արշալույս Վարդանյանը: «2007թ-ից գործող «Երիտասարդների առաջխաղացման արահետ» ծրագրի չորրորդ փուլը, որը մեկնարկել է 2012-ի դեկտեմբերի 1-ին, մոտենում է իր ավարտին: Ծրագրին դիմում-հայտ էր ներկայացրել 800 երիտասարդ, որոնցից 60-ն են ընտրվել ու անցել աշխատանքային պրակտիկա»,-ասաց Արշալույս Վարդանյանը:

Չորրորդ փուլի տվյալներով` աշխատանքային պրակտիկայի անցած 60 երիտասարդներից 24-ին մշտական աշխատանք է առաջարկվել գործատու կազմակերպությունների կողմից: Անդրադառնալով ծրագրի հնարավոր շարունակականությանը` Արշալույս Վարդանյանը դժվարացավ նշել, թե երբ կլինի ծրագրի հաջորդ փուլը, քանի որ դա կախված է դոնոր կազմակերպության առկայությունից:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Երիտասարդների առաջխաղացման արահետ» ծրագրի հիմնական նպատակն է օժանդակել գործազուրկ երիտասարդներին աշխատանք փնտրելու անցումային շրջանում` տրամադրելով անմիջական զբաղվածության հնարավորություն պրակտիկայի միջոցով: Վճարվող պրակտիկայի տևողությունը վեց ամիս է, որի ժամանակ մասնակիցները ստանում են սիմվոլիկ գումար: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը, գործատու կազմակերպությունների հետ համագործակցությամբ, պատասխանատու է մրցակցային հիմունքներով 60 պրակտիկանտների ընտրության և տեղավորման համար:

armenpress.am

Scroll Up