Փարիզի «Գավո» համերգասրահում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ կանցկացվի

Ապրիլի 25-ին Փարիզի հանրահայտ «Գավո» դահլիճում կկայանա Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի երեկո: Նախաձեռնողը ֆրանսահայ ճանաչված օպերային երգիչ, բաս-բարիտոն Ադամ Բարրոն է (Մուրադ Ամիրխանյան):

«Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման ձեռնարկների շրջանակներում «100 համերգ Հայաստանի համար» խորագրով համերգային ծրագրում Մոցարտի, Վերդիի, Բելլինիի կողքին կհնչի հայկական երգը: Հանդես կգան ֆրանսիացի բարձրակարգ երգիչ-երգչուհիներ, ովքեր մաքրամաքուր հայերենով կներկայացնեն Կոմիտասի «Կռունկ, ուստի կուգաս»-ը՝ Ֆաննի Քրուեի մեկնաբանությամբ, Կոմիտասի « Գարուն ա» ստեղծագործությունը՝ Ջուլիա Քնեքտի մեկնաբանությամբ, ով արդեն երազում է երգել նաև Հայաստանում: Աշխարհահռչակ ջութակահարուհի Հիլդեգարդ Ֆեզնոն առաջին անգամ կմեկնաբանի Կոմիտասի «Ծիրանի ծառ»-ը: Իտալացի դաշնակահար Դավիդ Պերրոնը տիեզերական «կապով, սրտի թրթիռով», ինչպես նա է արտահայտվել փորձերից մեկի ժամանակ, առաջին անգամ կներկայացնի Բաբաջանյանի «Էլեգիա»-ն,-«Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց Ադամ Բարրոն ու շարունակեց,-Տաղանդավոր դերասանուհի և արձակագիր Անահիտ Թոփչյանի մեկնաբանությամբ Փարիզում առաջին անգամ կհնչի Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն»-ը՝ «Դլե յաման»-ի դուդուկի հնչյունների ներքո: Իսկ «Անլռելի զանգակատուն»-ը՝ ֆրանսերեն թարգմանությամբ, դարձյալ առաջին անգամ կներկայացնի ֆրանսիացի ասմունքող Ֆրեդերիկ դը Վեղվիլը»:

«Գավո» դահլիճում առաջին անգամ զուգերգ տարբերակով կհնչի Մարտիկի երգը՝ Ռեմի Պուլակիսի և Ադամ Բարրոյի մեկնաբանությամբ ու քնարի նվագակցությամբ, որը կկատարի Իրիս Թորոսյանը: Առաջին անգամ ֆրանսիացի հանդիսատեսի դատին կհանձնվի «Մայր Արաքսի ափերով» ստեղծագործությունը՝ ֆրանսերենով: Առաջին անգամ Ադամ Բարրոն կներկայացնի Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ»-ը, ինչպես նաև Էդուարդ Աբրահամյանի «Արարատ»-ը:

Համերգի սկիզբը կազդարարեն երկու երգչուհիներ՝ մոմերը ձեռքներին: Առաջին անգամ կմեկնաբանվի Բաբաջանյանի «Վոկալիզ»-ը՝ վառ պահելով անմեղ զոհերի հիշատակը:

«Այս բացառիկ համերգը նվիրվում է Հայոց ցեղասպանության յուրաքանչյուր զոհի հիշատակին՝ երեխա, կին, տարեց, ուսուցիչ, պոետ, վանական, մշակ, գյուղացի, վաճառական, փաստաբան, բժիշկ, ինժեներ: Բազմաթիվ արվեստագետներ որոշել են հավաքվել «Գավոյի» բեմում՝ կատարելու օպերային հանրաճանաչ արիաներ և հայկական երգեր՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

Այս յուրօրինակ համերգը կեզրափակվի ևս մեկ պատմական ստեղծագործությամբ: Համերգին մասնակից երգիչները հայերենով կկատարեն Հովհաննես Թումանյանի խոսքերով գրված Ալեքսանդր Հարությունյանի «Հայրենիքիս հետ» ստեղծագործությունը՝ այն եզրափակելով՝ Հույսի Հայրենիք, Լույսի Հայրենիք բառերով»,- իր խոսքը եզրափակեց Ադամ Բարրոն:

Scroll Up