Երևանում «Ես եմ քո հիշողությունը» խորագրով ցուցահանդեսը ցույց է տալիս սիրիացի ժողովրդին պատուհասած աղետը
Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Ես եմ քո հիշողությունը» խորագրով ցուցահանդեսը:
Ցուցահանդեսին ներկայացված են Սիրիայի պատմական վայրերը պատկերող լուսանկարները մինչ պատերազմը և դրանից հետո, ինչպես նաև սփյուռքահայ նկարիչների ստեղծագործությունները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության, «Diaspo’arts»-ի և «Սիրիական համայնքը Երևանում» հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությունը կամրջում է 1915 թվականի և Հալեպ քաղաքի ներկա պատերազմական վիճակի պատճառով կրկին գաղթի ճանապարհը բռնած հայորդինների կյանքը: Ինչպես նաև ներկայացնում է սիրիացի ժողովրդին պատուհասած աղետը:
Ցուցահանդես այցելել ու դիտել են դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ պատվավոր հյուրեր: Ցուցադրության խորհրդավորությունն ամբողջացնում են Ցոլեր Կարագուլյանի և «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի նորաստեղծ երաժշտական խմբի կողմից մատուցվելիք երաժշտական կատարումները: