Կարեն Դեմիրճյան. «Հայրենիքի համար արվածը բավական չէ, եթե ամեն ինչ չի արվել»
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/04/կար.jpg)
Եվ ջանքերիդ համար և հոգսերիդ բազում
Բանաստեղծն իր սրտի վերջին խոսքն է ասում,
-Որպեսզի հար մնար նաիրական ոգին,
Քեզ պես հովիվ էր պետք մեր այս անտեր հոտին…
Համո Սահյան
10-5-84 Երևան
Կան անհատներ, որոնց կենսագրությունը սերտորեն շաղկապված է իրենց ծնած ժողովրդի տարեգրության, կյանքի հետ, որոնց բացակայությունն ինչ-որ
տեղ երերուն է դարձնում մեր հավատի սյուները, որոնց սպասված ծնունդն ու չսպասված մահը մնում են առեղծված…
Նա ծնվել էր, որ արարեր, նա ծնվել էր, որ վարդագույն մի քար ավելացներ մեր պետության, Հայրենիքի պետականության կերտման սուրբ խորանի պատին և հենց այդպես էլ կնքվեց` «Կարեն-Շինարար»:
Շինարար էր իրեն վստահված երկրի բոլոր բնագավառներում` արդյունաբերություն, շինարարություն, գյուղատնտեսություն, ճանապարհաշինություն, մշակույթ, արվեստ, և ամենուր հաստատուն էր նրա ձեռագիրը, և ամենուր սուր էր միտքը: Տեղյակ էր երկրի, հանրապետության քաղաքների, ավանների գյուղերի բոլոր հոգսերին, անցուդարձին, և այդ հոգսը իրենն էր. փնտրում ու գտնում էր լուծման ճանապարհներ, ելքեր… Երիտասարդ, լայնախոհ ու հեռատես ղեկավարը, ստանձնելով երկրի ղեկավարման անչափ դժվարին ու պատասխանատու պաշտոնը, կարճ ժամանակում կարողացավ Խորհրդային Միության կոմկուսի և կառավարության ղեկավարության հավանությանն արժանացնել Հայաստանի հետագա զարգացման հիմնարար միջոցների այնպիսի լուրջ, մինչև վերջ մտածված ծրագիր, որի իրագործումը շատերը հնարավոր չէին համարում: Դա հանրապետության արմատական վերակառուցման ու զարգացման ծրագիր էր, որը կանխատեսում էր ժողովրդական տնտեսության և ազգաբնակչության սոցիալական վիճակի շեշտակի վերելք: Նա կարողացավ շղթայել երկու հազարամյակները` հնի փորձով ու նորի հնարավորություններով: Արդյունաբերության, գյուղատնտեսության զարգացում, առանձնակի ուշադրություն լեռնային և նախալեռնային շրջանների տնտեսության համակողմանի զարգացմանը` կանխելու համար բնակչության անցանկալի տեղաշարժերը, հիմնարար բարեփոխումներ տրանսպորտային կապերի առումով, բարեփոխումներ սոցիալական ոլորտում, խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների վերակառուցման աշխատանքներ, նոր գործարանների` (ՙՀրազդանմաշ, Պոզիստոր, Իմպուլս՚) կառուցում, նոր աշխատատեղերի ստեղծում,Արփա-Սևան թունելի շինարարության ավարտական աշխատանքներ, Որոտան-Արփա ջրատարի կառուցում, Մասիս-Նուռնուս, Հրազդան-Իջևան երկաթուղային կայարանների գործարկում, արդյունաբերության ծավալում շրջաններում, գյուղերում, նոր ճյուղերի զարգացում` էներգատար, գիտական, ռադիոէլեկտրոնիկայի, ճշգրիտ սարքերի զարգացման ու գործարկման գործընթաց, մեքենաշինության զարգացում: Կարեն Դեմիրճյանի ողջ գործունեությունը հղված էր դեպի 21-րդ դար: Նրա օրոք կասեցվել է մեծ քիմիայի վտանգը, լուծվել են բնապահպանական, էկոլոգիական խնդիրները, աննախադեպ զարգացում է ապրել գյուղատնտեսությունը: Հավասարաչափ զարգացում են ապրել մեր տնտեսության բոլոր ճյուղերը: Հզոր էր Հայաստանի արդյունաբերությունը, հզորացավ նաև գյուղը` սկսած ցանքատարածքներից, մելորացիայից, այգեգործությունից, գինեգործությունից, խաղողագործությունից: Արդյունաբերությունը, որը մինչ այդ 70%-ով կենտրոնացած էր քաղաքում, մտավ նաև գյուղ, նոր մասնաճյուղեր բացվեցին արբանյակ քաղաքներում: Մի խոսքով` Հայաստանի ողջ տնտեսության մեջ յուրօրինակ հեղափոխություն կատարվեց:
Իմաստուն ղեկավարի ուշադրության կիզակետում էր արվեստը, մշակույթը: Ճարտարապետությունը, գրականությունը, երաժշտությունը, թատերարվեստը աննախադեպ վերելք էին ապրում. մեր երկիրը ծաղկման ու հզորացման մի չտեսնված ու չկրկնվող շրջան էր ապրում: Քաղաքական դաշտում Դեմիրճյանը դիվանագիտորեն էր լուծում շատ հարցեր, դրանցից մեկը ճանապարհաշինությունն էր, որի շնորհիվ լեռնային ու նախալեռնային շրջանները չդատարկվեցին, իսկ հարավայինը պաշտպանվեց, այլապես Մեղրին կորչում էր…
Դա համահայկական, քաղաքական ծրագիր էր, որը ադրբեջանացումից փրկեց մեր երկրի այդ հատվածները: Սահմանային գոտիներում վերականգնվում էին եկեղեցիները` որպես պատմական հուշարձաններ, որպեսզի դրանք չվերածվեին ավերակների ու մեջիթների: Լեռնային դատարկվող շրջաններում ստեղծվեցին աշխատատեղեր, մշակվեց հատուկ ծրագիր, որ մարդիկ գնան ու բնակվեն այդ շրջաններում. ըստ ծրագրի այդ շրջաններում տալիս էին միանվագ գումարներ, ավելի բարձր աշխատավարձ, բացում էին դպրոցներ: Բացվեց ՙՆեյրոն՚ արտադրական միավորումը, որի փոխտնօրենն Արա Աբրահամյանն էր: Բացվեցին ,, Նեյրոնի,, 39 մասնաճյուղեր և 7 գործարաններ սահմանամերձ գոտիներում, որպեսզի մարդիկ ունենան աշխատանք և չլքեն իրենց բնակատեղիները:Հասավ նրան,որ միութենական կառավարության ֆոնդերից ֆինանսական միջոցներ տրամադրեց 36 կայարանով, 47 կմ երկարությամբ ձգվող մետրոպոլիտենի շինարարության աշխատանքների համար… Խառն ու փոթորկուն էին ժամանակները և անավարտ մնացին շատ ծրագրեր:
Հայաստանի ղեկավարման տասնչորս տարիները Կարեն Դեմիրճյան անհատի անօրինակ հայրենասիրության, նվիրումի, ստեղծագործ ու համառ աշխատանքի ոսկե շրջանն էին, որը մեր ժողովրդի կյանքում ամրագրվեց որպես վերածննդի, ռենեսանսի յուրօրինակ պատմություն: Իհարկե, եղան և չարախոսներ, եղան նաև «սև վարագույրներկախողներ», բայց դա էական չէր, որովհետև մարդն ունի նաև երբեմն փոքր-ինչ սխալվելու իրավունք, կարևորն այն է, որ դրանից չի տուժել երկիրն ու ժողովուրդը: Երկիրն ապրում էր լիարժեք, լիարյուն բաբախող զարկերակի ռիթմով` բազմաթիվ մեծ, ազգային տոնախմբություններ, Սփյուռքի հետ մշակութային կապերի սերտացում, պատմական հոգևոր արժեքների վերագնահատում ու պահպանում… Այս ամենը, հիրավի, խոսում է Դեմիրճյան հայորդու ազգապաշտության և Հայոց փառավոր անցյալին ու պատմությանը քաջատեղյակ լինելու մասին:
Առաջին անգամ Հայաստանի բարձրագույն ղեկավարը 1975թ. ապրիլի 23-ի երեկոյան հանդես եկավ հեռուստատեսությամբ` պարզաբանելով Խորհրդային Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը, որը միանշանակ դատապարտում էր Հայոց Ցեղասպանության կազմակերպիչներին` Թուրքիայի իշխանություններին: Հաջորդ օրը` ապրիլի 24-ին, հանրապետության քաղաքական ղեկավարությունը ամբողջական կազմով այցելեց Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակներ դրեց Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին, իսկ երեկոյան ողջ հանրապետությունում հայտարարվեց Լռության րոպե: Հայրենասիրության, ազգապահպանության բնորոշ մի դրսևորում էր այն, որ Դեմիրճյանն, ի հակադրություն ՍՄԿԿ Կենտկոմի ընդունած որոշման, որի համաձայն Հայաստանի կոմկուսի կենտկոմը պետք է իր վերաբերմունքը դրսևորեր ռուսաց լեզվի հետագա զարգացման և տարածման մասին, ինքն էլ նախաձեռնեց, որոշում պատրաստեց հայոց լեզվի հետագա զարգացման մասին: Հետագայում նորովի շարադրվող Սահմանադրության մեջ պայքարեց հայոց լեզվի պետական կարգավիճակի համար,պայքար, որում մեծ նշանակություն ունեցավ հայ մտավորականների և առանձնակի` բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի խիզախումն ու անզիջում պահվածքը:
…Սիրտը ցավում էր իր երկրի ամեն մի թիզ հողի, քարի, թփի, ժողովրդի համար: Աննկարագրելի էր մարզահամալիրի հրդեհի ժամանակ Կ. Դեմիրճյանի սրտի ցավը, հուզմունքը և շտապ ձեռնարկեց միջոցառումներ՝ իր անմիջական, ամենօրյա ներկայությամբ ու հսկողությամբ… Իր հոգեզավակը` մարզահամերգային համալիրը հետագայում, իրավացիորեն, կոչվեց նրա անունով:
Շփման մեծ եզրեր ուներ հայ մտավորականության նշանավոր դեմքերի հետ, սիրում էր Հայոց պատմությունը, պոեզիան, երաժշտությունը, նկարչությունը, հետաքրքրվում էր ամենով ու ամենքով, ինչը կապված էր այս բարձր արժեքների հետ:
Քիչ է ասել, թե սիրում էր մշակույթը, արվեստը, գրականությունը: Լինելով բազմակողմանի զարգացած անձ` ինքը գործուն մասնակցություն էր ունենում,առաջարկներ էր անում այդ ոլորտներում:
«Ուզում եմ, որ հպարտ ասենք, որ հայ ենք, որ ծաղկող հայրենիք
ունենք, որի գիտությունը գիտություն է, մշակույթը` մշակույթ:
Մեր Հայրենիքը կարող է թռիչքներ անել»
Կ. Դեմիրճյան
«Վաղուց է նկատված, որ այն ընտանիքում, որտեղ խորին հարգանք է տածվում դեպի գիրքը, ընթերցանությանը, աճում են բարոյապես կայուն, կուլտուրական, գիտակից, հարուստ մտքի և նրբագեղ հոգու տեր մարդիկ, իսկ այնտեղ, որտեղ գրքերը դառնում են սոսկ բնակարանի զարդարանք, արմատներ է նետում քաղքենիությունը»:
Կ. Դեմիրճյան
Իմաստուն ղեկավարը, պետական, քաղաքական ու ազգային մեծ գործիչը բարձր էր գնահատում բարոյական արժեքները և գտնում, որ առանց դրանց մարդը չի կարող ապրել հասարակության մեջ. «Բարոյականությունը բացարձակ է, ինչպես բացարձակ են բարին ու չարը, օրինականն ու մեղսայինը»:
Կ. Դեմիրճյան
Ինքն ապրեց ու արարեց` բարոյական բարձր արժեքներով ներծծված հոգով ու գաղափարներով, հենց այդ են վկայում ղեկավարի կյանքի փորձով սրբագրված հետևյալ խոսքերը.
«Հայրենիքի համար արվածը բավական չէ, եթե ամեն ինչ չի արվել»
…Եվ վերադարձավ սիրված ղեկավարը, վերադարձավ, ու ժողովուրդը նրան ընդունեց ցնծությամբ, հուզառատ արցունքներով, կարոտի ու սպասման խոսքերով, նոր Հայաստանի նոր վերածնունդի մեծ ու անվարան ակնկալիքով… 1999թ. հոկտեմբերի 27-ին մոլագար մարդասպանների ու նրանց գաղափարական ՙհայրերի» գործած ոճիրը դարձավ անմեղ զոհերի և Կ. Դեմիրճյանի երկրային կյանքի վերջը, բայց միայն երկրային…
Նրան մեծարող, սիրող ժողովուրդը աննկարագրելի վշտով, սգո հսկայական թափորով իր ուսերին առած մեծ հային, տարավ դեպի հավերժի Պանթեոն: Ու հավերժ մնացին Հայաստանին, հային, ազգայինին միտված նրա նոր ծրագրերը, որոնց շնորհիվ Հայաստանը պիտի ապրեր իր երկրորդ վերածնունդը:
Տիգրան Մեծի կիսադեմով հատած դրամի պատկերով, Տիգրան Մեծի հզոր ու ծաղկուն Հայաստանի տեսլականով ապրող պետական ու քաղաքական, ազգային գործիչը դարձավ 83 տարեկան: Երանելի՜ է նա, ում անսահման սեր ու հարգանք է մատուցվում նաև մահից հետո, ուրեմն` մահ չկա, կա միայն հավերժ վերադարձ:
Կարինե Ավագյան
ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՄԱՍԻՆ
«Դուք Ձեր հայրենասիրությունը ապացուցեցիք հայրենաշինությամբ»:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա
«Հայ ժողովրդի պատմության մեջ Կարեն Դեմիրճյանի անունը միշտ կմնա որպես շինարար ղեկավարի, որպես մի մարդու, որն օրնիբուն հոգէ տարել երկրի բարեկարգման մասին»:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Առաջին
«Բացառություն եղավ Կարեն Դեմիրճյանը…Նա իրադարձություն էր, երևույթ և հայտնի չէ, թե մեկ էլ երբ և ինչպես կհայտնվի, կերևա ևս մի այսպիսի շողշողուն աստղ հազարամյակների հեռավորությունից եկող մեր այս բազմաչարչար ժողովրդի երկնակամարում»:
Գրիգոր Գուրզադյան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
«Նրա կյանքն արարում էր, իսկ երազանքը շաղախված էր իր ազգի, ժողովրդի ինքնահաստատման տառապանքով, վերածնության բերկրանքով ու երջանիկ ապագայի կարոտով»:
Գագիկ Հարությունյան
ՀՀ Սամանդրական դատարանի նախագահ