«Դանիելն ու Արման-Օնիկը «Արի տուն» ծրագրից շատ գոհ են մնացել». հյուրընկալ ընտանիք

«ՀՀ սփյուռքի նախարարության հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի շրջանակներում 2015 թվականին առաջին անգամ աղջիկս Վրաստանից եկած երկու տղայի էր հյուրընկալել, իսկ անցյալ տարի երկու տղայի` Բուլղարիայից` Արման-Օնիկին և ՌԴ-ից`Դանիելին, ես որոշեցի հյուրընկալել»,Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Վերա Քալաշյանը և հավելեց, որ ջերմորեն, հարազատ թոռների նման է նրանց ընդունել: Տաս օրերի ընթացքում բնակարանում այնպիսի մթնոլորտ է ստեղծել, որպեսզի տղաներն իրենց հայկական միջավայրում զգային, կապվեին իրենց արմատներին:

Տիկին Վերայի թոռնիկը 15 տարեկան է և հեշտությամբ է մտերմացել հասակակիցների հետ. միասին իջել են բակ՝ խաղալու, լողավազան են գնացել:

Հարցին, թե ինչպես կբնութագրի երիտասարդներին, Վերա Քալաշյանն ասաց, որ Արման-Օնիկը ժպտադեմ, պայծառ տղա է, հիացել է նրա՝ Հայաստանի, հայ ժողովրդի հանդեպ ունեցած հետաքրքրությունից, խելացի մտածելակերպից, իսկ Դանիելը մի փոքր ներփակ, ամաչկոտ անձնավորություն է եղել, բայց բոլոր նպաստավոր պայմանները ստեղծել են, որ նա ևս մտերմանա ընտանիքի հետ: Ծրագրի ավարտից հետո մշտական կապի մեջ են գտնվում:

Դանիելն ու Արման-Օնիկը շատ գոհ են մնացել «Արի տուն» ծրագրից: Ամեն առավոտ ոգևորությամբ են արթնացել և ուրախ-զվարթ շրջագայությունների գնացել, իսկ տուն վերադառնալով՝ ընտանիքի անդամների հետ կիսվել են իրենց տպավորություններով, թե ինչ տեսարժան վայրեր են այցելել ու ինչպիսի մարդկանց հանդիպել: Աննկարագրելի է եղել նրանց ուրախությունը Ծաղկաձորում անցկացրած ճամաբարային օրերից, որոնց նաև տիկին Վերայի թոռնիկն է մասնակցել: Այդ 4 օրերի ընթացքում տղաներն ավելի են կապվել միմյանց և հրաժեշտի ժամանակ մեծ դժվարությամբ, արցունքոտ աչքերով են բաժանվել:

«Սփյուռքահայ այն երիտասարդները, ովքեր ցանկանում են Հայաստան գալ՝ մոտիկից ծանոթանալու հայրենիքի ավանդույթներին, շփվելու հայրենակիցների հետ, տեսնելու պատմամշակութային վայրերն ու չհեռանալու իրենց արմատներից, ապա անպայման պետք է մասնակցեն ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրին, որը այդ ամենին հասնելու բոլոր հնարավորությունները տալիս է»,-զրույցն ամփոփեց Վերա Քալաշյանը:

Գևորգ  Չիչյան

%d5%a1%d6%80%d5%ab-%d5%bf%d5%b8%d6%82%d5%b63

Scroll Up