Գլենդելի «Հայ արծիվներ»-ը՝ սահմանամերձ գյուղերի ամուր հենարան
Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ԱՄՆ Գլենդել քաղաքում մի խումբ երիտասարդներ իրենց հոգու պարտքը համարեցին միավորվելու՝ նեցուկ լինելու օրհասական վիճակում գտնվող հայրենակիցներին: Այդպիսով, նրանք 2016թվականին ստեղծեցին «Հայ արծիվներ» բարեգործական հիմնադրամը, որն այս անգամ սկսել է լայնածավալ աջակցություն ցուցաբերել Հայաստանի սահմանամերձ, հատկապես՝ Տավուշի մարզի բնակիչներին:
Տրամադրած օժանդակության շնորհիվ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքները կարողանալու են աշխատել`այդպիսով լուծելով հանապազօրյա հաց վաստակելու և կենցաղային այլ խնդիրներ:
«Մեր կատարած աշխատանքի շնորհիվ ցանկանում ենք կանգնել գյուղացիների կողքին, որպեսզի իրենց ապահով զգան, հասկանան օգնող ձեռք ունեն, որոնց կարող են ապավինել: Կարծում եմ՝ պետք չէ կողմնակի աջակցության սպասել, եթե ցանկանում ենք որևէ բան անել, ապա անհրաժեշտ է առանց ակնկալիքի գործի անցնել՝ հնարավորություն տալով աշխատող մարդուն, որ նա չբռնի արտագաղթի ճանապարհը, այլ ամուր կառչած մնա իր հողին, զինվորների կողքին գտնվի: Հայաստանը հենց սահմանից է սկսվում, պետք է բոլորը մտածեն Հայաստանին օգտակար լինելու մասին»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց «Հայ արծիվներ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Անդրանիկ Բալոյանը, ով վերջերս հիմնադրամի անդամներից Վահրամ Շալվարձյանի, Արաքս Գալստյանի և Հայաստանում գործող «Սահման» հասարակական կազմակերպության ծրագրերի պատասխանատու Անահիտ Նազարյանի հետ հյուրընկալվել էր ՀՀ սփյուռքի նախարարությունում, հանդիպել նախարար Հրանուշ Հակոբյանին:
Հիմնադրամը Հայաստանում համագործակցում է «Սահման» հասարակական կազմակերպության հետ: Համատեղ աշխատանքի արդյունքում՝ արդեն համապատասխան աջակցություն են ստացել Բաղանիս գյուղի ընտանիքների կողմից առաջարկած բիզնես գաղափարները, որոնց խմբի անդամները ծանոթացել են Բաղանիս կատարած այցելության ժամանակ:
«Շատ տպավորված ենք վերադարձել Բաղանիսից, մեկ պարզ ճշմարտություն հասկացանք, որ նմանօրինակ նախաձեռնությունները գյուղացիներին անչափ ուրախացնում են և կյանքի հանդեպ լավատեսությամբ լցնում»,-ասաց Անդրանիկ Բալոյանը՝ հավելելով, որ այդ ամենը տեսնելով՝ ավելի են գոտեպնդվում՝ զբաղվելու ազգանպաստ գործունեությամբ:
«Սահման» հասարակական կազմակերպության ծրագրերի պատասխանատու Անահիտ Նազարյանը «Հայերն այսօր»-ին տեղեկացրեց, որ կազմակերպությունը Տավուշի սահմանային գյուղերում գյուղատնտեսական, կրթամշակութային ծրագրեր է իրականացնում, հիմնականում աշխատում են ընտանիքների հետ: Աշխատանքները սկսել են ջերմոցային տնտեսություններ հիմնելով, մեղվապահության ծրագրեր իրականացնելով, այժմ փոքր ընտանեկան բիզնեսի զարգացման մոդելն են կիրառում: Նախ հայտարարում են բիզնես գաղափարներ ֆինանսավորելու մասին, որից հետո գյուղացիներն իրենց գաղափարներն են ներկայացնում: Կազմակերպությունը դրանք գնահատում է, փորձում է հասկանալ, թե շուկայում քանիսը պահանջարկ կունենա, որից հետո էլ վերջնական որոշում են, թե որ ծրագրի իրականացմանը նախապատվություն տալ:
Բաղանիս համայնքում «Հայ արծիվներ» հիմնադրամի հետ իրականցվում է 5 բիզնես ծրագիր: Այս դրությամբ գործի է դրվել կարի արտադրամասը, ֆինանսավորվել են նաև ծառայություն մատուցող բիզնես գաղափարները, մեկը հողի փխրեցման աշխատանքներն են, մյուսը՝ խոտհունձը:
Հաջորդիվ կյանքի են կոչելու ձկան խանութ հիմնելու գաղափարը: Ամեն ինչ բարեհաջող ընթանալու դեպքում, գուցե նաև փոքր ձկնաբուծարան հիմնեն:
Նշենք նաև, որ բոլոր բիզնես գաղափարներին աջակցում են միայն սարքավորումների տեսքով, ֆինանսական միջոցներ չեն տրամադրում: Տվյալ անձն իր պարտավորությունները կատարելու դեպքում այդ սարքավորումը նվեր է ստանում:
«Մեր կատարած աշխատանքով ուզում ենք սփյուռքյան բոլոր կազմակերպություններին, միություններին, անհատներին համագործակցության կանչել՝ միասին շարունակելով հետագա անելիքները: Վերադառնալով Գլենդել՝ անպայման կատարված աշխատանքի մասին համայնքում հանգամանալիորեն ներկայացնելու ենք, որպեսզի մարդկանց վստահությունը շահենք և համախոհներ ձեռք բերենք»,-զրույցն ամփոփեց Անդրանիկ Բալոյանը:
Գևորգ Չիչյան