Միջազգային մամուլի անդրադարձը՝Հռոմի Ֆրանցիսկոս պապի մատուցած պատարագին

Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի մատուցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագին արձագանքել են գրեթե բոլոր առաջատար լրատվամիջոցները։ Ամերիկյան պարբերականների և հեռուստաալիքների մեծ մասն ընդգծել են, որ Վատիկանը ռիսկի է դիմել Թուրքիայի հետ հարաբերություններում։ Այդուհանդերձ, սադրիչ հայտարարությունների կողքին, ինչպես CNN-ի արտահայտությունը, թե «Հռոմի Պապը սպառնում է իր վրա բերել Թուրքիայի զայրույթը», մի շարք պարբերականներ հարգանք են արտահայտել պատրիարքի հետևողականության համար։ Այսպես, Fox News հեռուստաալիքն ընդգծում է, թե Անկարայի հետ սրման գնալու Ֆրանցիսկոսի պատրաստակամությունը ապացուցեց, թե սկզբունքային, իրեն սրտամոտ հարցերում նա չի հապաղում, չի մտածում դիվանագիտական ռիսկերի մասին։ «Նույնօպես նա ռիսկի դիմեց, երբ կոչ էր անում Իսրայելի և Պաղեստինի նախագահներին Վատկանում համատեղ աղոթել հանուն խաղաղության՝ Գազայի հատվածում մարտերը սկսվելուց կարճ ժամանակ առաջ»,- նշում է հեռուստաալիքը։ NBC-ն հիշեցրել է արգենտինացի Ֆրանցիսկոսի՝ հայ համայնքի հետ ունեցած հին և ամուր կապերի մասին։ Հռոմի պապը հաստատեց իր նախկին արտահայտությունները, նշում է հեռուստաալիքը։ Ինչպես նշել է Wall Street Journal-ը, մինչև պապ ընտրվելը Ֆրանցիսկոսը 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն էր անվանում, բայց դրանից հետո հարցին ավելի դիվանագիտորեն էր մոտենում։ Այդուհանդերձ, կիրակնօրյա պատարագին նրա հայտարարությունն ավելի ցայտուն էր, քան 2001թ. Հովհաննես-Պողոս 2-րդ պապինը։ Ֆրանցիսկոսը Հայոց ցեղասպանությունն անվանել է 20-րդ դարի երեք ամենամեծ ողբերգություններից մեկը, գրում է պարբերականը։ Թերթը հիշեցրել է նաև նախագահ Բարաք Օբամայի դիրքորոշումը, որը մինչև նախագահ ընտրվելը ճանաչում էր ցեղասպանությունը, հետո դրժեց իր խոստումը։ Մինչ իր ընտրությունը Օբաման այդ իրադարձությունները Ցեղասպանություն էր անվանում, երկրորդում է Los Angeles Times-ը։ Բայց հետո շարունակեց իր նախորդների քաղաքականությունը, որոնք չցանկացան Թուրքիայի դեմ կանգնել։ Հռոմի պապը հայոց ողբերգությունը կապել է այսօր աշխարհում քրիստոնյաների հետապնդումների հետ։ Այդ թեման, ըստ Wall Street Journal-ի, կարմիր թելով անցնում է Պապի վերջին հրապարակային հայտարարություններում։ Նա նաև մահմեդական առաջնորդներին կոչ է արել դատապարտել Իսլամական պետության գործողությունները Սիրիայում և Իրաքում։ Իր հրապարակման մեջ USA Today-ը եւս ընդգծում է Վատիկանի և Անկարայի միջև դիմակայության հնարավորությունը։ «Հայերի սպանությունները ցեղասպանություն են ճանաչվել մի շարք երկրներում, բայց Թուրքիայի դաշնակիցներ Իտալիան և ԱՄՆ-ը խուսափել են օգտագործել այդ հակասական բառը»,- գրում է թերթը։ Նշենք, որ Իտալիան 2000թ. ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։