Վրեժի կարմիրով գրված ցուցապաստառով դեպի Ծիծեռնակաբերդ
Երեք ընկերներ են, որոնք իրենց պապերի արյան կանչով մտերմացել ու լավ փոխհարաբերություններ են հաստատել միմյանց հետ, այնուհետև երդվել, որ ուր էլ լինեն իրար չեն մոռանալու:
Նրանք երեքն էլ իրենց անունները ժառանգել են իրենց պապերից, անուններ, որոնք մաքուր հայկական են: Լևոնը Նախիջևանի Զնաբերդ գյուղից է: Հաճախ է դպրոցական արձակուրդներին այցելել Նորաբաց (Ենգիջա) գյուղ ու այստեղ ծանոթացել, այնուհետև մտերմություն հաստատել Արարատի և Վարդանի հետ:
Սա սովորական ընկերություն չէր: Նրանք պարզել էին, որ իրենք ծագումով Էրզրումցի են, ավելին նրանց պապերի պապերը թուրք յաթաղանի զոհեր են, որոնց հետնորդներին գաղթի միջոցով հաջողվել է մազապուրծ փրկվել և ապաստան գտնել Արաքսի այս ափին: Ավաղ, նրանց Լևոն և Հարութ անուններով նախնիներին տրված չէր ապրել իրենց բնական կյանքը…
Այս ամրակուռ ընկերությունը, որը նաև երդում է ‘ նախնիների հիշատակի վրեժի, անցնող տարիների հետ միայն ամրապնդվել է: Այժմ Լևոնը բնակվում է Նիդերլանդներում, ամուսնացած է, ունի երկու երեխա, մասնագիտությամբ հանդիսավար ու նաև վարսահարդար է: Մյուս տղաները’ Արարատ Բարագամյանը, նկարիչ է, իսկ Վարդան Սողոմոնյանը զբաղվում է հողագործությամբ, բնակվում են Հայաստանում: Հայոց Ցեղասպանության 100-րդ տարեդարձի կապակցությամբ նրանք միասին մի մտահաղացում են կյանքի կոչել’ ստեղծել մի ցուցապաստառ ու այնտեղ գրառել իրենց մանկության տարիների ուղտած երդումը. «Մենք պատրաստ ենք լուծել մեր պապերի վրեժը»:
Այժմ ցուցապաստառը պատրաստ է: Սովորական ամեն տարիների պես այս անգամ էլ ընկերները հավաքվելու, տեսնելու են միմյանց փոքր ինչ այլ իրավիճակում, տղաները չեն սափրվել, զուսպ ու տխուր են դիմավորելու տարելիցը: Ցուցապաստառը փակցվել է Նորաբաց Համայնքում, Արարատյան փողոցի վրա գտնվող Սուրբ Մարիամ եկեղեցու հարևանությամբ: Ապրիլի 21-ին Նիդերլանդներից Լևոն Զնաբերդցին կուղևորվի Հայաստան’ հատուկ հիշատակի արարողությանը մասնակցելու, այդպես արդեն հինգ տարի նա միանում է ընկերներին: Մեծ Եղեռնի օրը նրանք նույնանման հագնված’ ևս երեք տասնյակ իրենց ընկերների հետ, կվերցնեն վրեժի կարմիրով գրված իրենց ցուցապաստառը, որին գրված է «Մենք պատրաստ ենք լուծել մեր պապերի վրեժը» և երթով կուղևորվեն Ծիծեռնակաբերդ, որտեղ թևածում են միլիոնից ավելի անմեղ զոհերի հոգիները…
Նիդերլանդական օրագիր