Գերմանիան արհամարհում է Թուրքիային` հայկական կոտորածներն անվանելով «Ցեղասպանություն»

Երկուշաբթի Գերմանիան կտրուկ փոխել է 100 տարի առաջ Օսմանյան թուրքերի  կողմից 1.5 միլիոն հայերի սպանությունները «Ցեղասպանություն» չանվանելու իր հետևողական քաղաքականությունը: interpress.am-ի փոխանցմամբ՝ գրում է  The Christian Science Monitor-ը:

Երկուշաբթի Գերմանիայի կառավարությունը խորհրդարանի ակտիվ անդամների պնդումների արդյունքում հետ է քաշվել 100 տարի առաջ Օսմանյան թուրքերի  կողմից 1.5 միլիոն հայերի սպանությունները «Ցեղասպանություն» չանվանելու իր հետևողական դիրքորոշումից:

Կտրուկ փոխելով իր մոտեցումը`Եվրամիությունում Թուրքիայի առևտրային գլխավոր գործընկերն ու միլիոնավոր թուրքերի տունը դարձած երկիրը միանում է մյուս պետություններին ու կազմակերպություններին, այդ թվում Ֆրանսիային, Եվրախորհրդարանին և Հռոմի Ֆրանցիսկոս պապին` օգտագործելով «Ցեղասպանություն» տերմինը, որի կիրառումն ամեն անգամ քննադատում է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը:

Կանցլեր Անգելա Մերկելի խոսնակ Շտեֆան Սեյբերտի խոսքով, կառավարությունը աջակցելու է ուրբաթ խորհրդարանում քննարկման դրվող բանաձևին, որը հայերի կոտորածները հռչակում է որպես Ցեղասպանության օրինակ:

Գերմանիան երկար ժամանակ ընդդիմանում էր և «Ցեղասպանություն» եզրը չէր կիրառում, նույնիսկ, երբ Ցեղասպանությունը ճանաչել էին Ֆրանսիան և մյուս երկրները: Բայց կոալիցիոն կառավարությունը ենթարկվել է խորհրդարանականների ճնշմանը, որոնք պահանջում են կիրառել այդ տերմինը ներկայացվող բանաձևում:

«Կառավարությունը աջակցում է առաջարկած բանաձևին, որտեղ Առաջին աշխարհամարտի ժամանակ հայերի ճակատագիրը ներկայացնում է զանգվածային սպանությունների, էթնիկ զտումների, արտաքսումների և, այո, 20-րդ դարի Ցեղասպանության օրինակ», – ասել է Սեյբերտը:

Թուրքիան հերքում է, որ սպանությունները, որոնք տեղի են ունեցել, երբ թուրքերը կռվում էին ռուսների դեմ, կարելի է որակել Ցեղասպանություն: Անկարան պնդում է, որ հայերին ոչնչացնելու կազմակերպված ծրագիր չի եղել, և չկա որևէ ապացույց, որ Օսմանյան իշխանությունն այդպիսի հրամաններ է արձակել: ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հրաժարվել է կիրառել Ցեղասպանություն բառը կիրակի ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որպեսզի չտխրեցնի Թուրքիային:

«Պատասխանատվությունը չի կարող կրել միայն մի կողմը», – ասել էր ԱԳ նախարարը: Բայց Քրիստոնեա-դեմոկրատական պահպանողական կուսակցության խորհրդարանականներն ու Սոցիալ-դեմոկրատների դաշնակիցները պահանջել են փոփոխություններ:

Փորձագետների խոսքով, մինչև հիմա Գերմանիայի կողմից հարցն այդպես դիտարկելու ցանկության բացակայությունը կապված է նրա հետ, որ Հոլոքոստի  համար պատասխանատու, դրա հետ դժվարությամբ հաշտվող երկիրը վախենում է տխրեցնել Թուրքիային, 3.5 միլիոն գերմանաթուրքերին և Գերմանիայում բնակվող Թուրքիայի քաղաքացիներին:

Գերմանիայի կառավարությունը նաև չի ցանկացել օգտագործել այդ բառը` մտահոգվելով, որ Հերերոյի կոտորածները, որոնք 1904-1905 թվականներին իրականացրել են գերմանական զորքերը ժամանակակից Նամիբիայում, կարող են նույնպես կոչվել Ցեղասպանություն, ինչը կհանգեցնի փոխհատուցման պահանջի:

«Աչք ծակող հակասություն կա, որ Գերմանիայի կառավարությունը ժխտում է Հայոց Ցեղասպանությունը», – ասում է Բեռլինի Free համալսարանի քաղաքագետ Այաթա Բիլյինը:

«Հետազոտությունները ցույց են տվել, որ տարբեր երկրների կողմից արտաքին ճնշումները կարող են զգալի ազդեցություն ունենալ և Գերմանիան կարող է շատ կարևոր դեր խաղալ Թուրքիայի շուրջ այս քննարկումներում»:

Scroll Up