Իտալական մամուլի անդրադարձը Նեապոլի եկեղեցում խաչքարի տեղադրմանը և Ցեղասպանության 100-ամյա տարելիցին
Իտալական La Repubblica թերթը պատմել է Նեապոլի Սուրբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցում հայ ժողովրդի կողմից Նեապոլ քաղաքին նվեր մատուցված խաչքարի տեղադրման մասին: Այս մասին հայտնում է Արցախպրեսը:
La Repubblica-ն նշում է, որ այս նախաձեռնությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակման միջոցառումների մաս է կազմում:
Թերթը պատմում է, թե ինչպես է հսկայական, 2 մետր 70 սանտիմետր բարձրությամբ խաչքարը տեղափոխվել եկեղեցի քաղաքի համապատասխան մասնագետների, նախագիծը ղեկավարող ճարտարապետի և քաղաքային ոստիկանության վերահսկողությամբ: Այս չափազանց նուրբ գործողությունն իրականացնելու համար մի քանի ժամ է պահանջվել:
Retroonline.it իտալական կայքը 20-րդ դարի ամենասարսափելի և արյունալի դեպքերի մասին պատմող հոդվածում ներկայացրել է նաև հայերի ցեղասպանությունը՝ պատմական տվյալներ ներկայացնելով դեպքերի մասին:
Կայքը, ներկայացնելով Ցեղասպանության ճանաչման հետ կապված վերջին տարիների քաղաքական իրավիճակը, գրում է, որ հայերի ցեղասպանությունը դիվանագիտական զգալի լարվածություն է առաջացրել Վատիկանի և Անկարայի միջև, հատկապես 2012 թվականին, երբ Վատիկանի արխիվի հրապարակած փաստաթղթերը լեհ գիտնական Մարկո Յակովը օգտագործել է «Արևելքի հարցը հայոց եղեռնի տեսանկյունից (1894-1897)» աշխատության համար:
Notizieitalianews.com «Մեծ Եղեռնից 100 տարի անց. Հայերի ցեղասպանությունը» վերնագրով հոդվածում գրում է, որ այս տարի Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցն է ՝ նշելով, որ ամեն տարի ապրիլի 24-ին հիշատակման արարողություն է տեղի ունենում, քանի որ տարբեր պատմական վկայությունների համաձայն հենց այս օրն են սկսվել հետապնդումները, որի հետևանքով մեկուկես միլիոն հայ է զոհվել 1915 թվականին:Կայքը ներկայացնում է 1915 թվականի դեպքերը, այնուհետև խոսում Էլիֆ Շաֆակի «Ստամբուլի բիճը» վեպի մասին, որը պատմում է Ստամբուլում ապրող Ասյայի և Արիզոնայից Արմանուշ Չակմախչյանի պատմությունը՝ նրանց միջոցով վերհանելով անցյալի վերաբերյալ տարբեր պատկերացումները, որ առկա են հասարակություններում:
Ինչպես գրում է հոդվածի հեղինակը հայ քրիստոնյաների ցավոտ պատմությունը ցույց է տալիս, որ չպետք է քրիստոնեության պատմությունը նվազեցնել նեղ շրջանակի, այս հարյուրամյա տարելիցը միայն հայկական եկեղեցուն չի վերաբերում, այն պետք է վերաբերի բոլոր եկեղեցիներին: Հեղինակը հիշեցնում է, որ հարյուրամյա տարելիցը հենց այն ժամանակ է հիշատակվում, երբ միջազգային հանրությունը անզոր հետևում է, թե ինչպես են հետապնդում և ոչնչացնում քրիստոնյաներին Միջին Արևելքում:
Հեղինակը եզրափակում է հոդվածը՝ հիշեցնելով, որ Հռոմի պապը Հայ կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսների հետ միասին խնդրել է, որ աստվածային ողորմությունը ««մեզ բոլորիս օգնի ճշմարտության և արդարության հանդեպ սիրով ամոքել ամեն վերք և ձեռնարկել հստակ քայլեր` հաշտություն և խաղաղություն հաստատելու ազգերի միջև, որոնք դեռ համաձայնության չեն հասել այսպիսի վշտալի իրադարձությունների մեկնման հարցում»:
Հռոմի պապի այս խոսքերն է մեջբերել նաև korazym.org իտալական կայքը, որը գրում է, որ մեկ դար անց Ցեղասպանությունն իրականացնողների ժառանգները շարունակում են ժխտել այն: Կայքը ներկայացնում է, թե ինչպես է տեղի ունեցել հայերի ոչնչացումը Օսմանյան Թուրքիայում 100 տարի առաջ և նշում, որ Հայաստանի խորհրդարանը միաձայն օրինագիծ է ընդունել, որով դատապարտում է 1915 և 1923 թվականներին Օսմանյան կայսրությունում ասորի և հույն ժողովուրդների կոտորածները:
Կայքն անդրադարձել է նաև Հռոմում Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված մարտին անցկացված «Պատմություն և պատմություններ: Պատմություններ և վկայություններ Հայոց ցեղասպանության մասին» կոնֆերանսին, որտեղ հայտնի գերմանացի հրապարակախոս, ցեղասպանության տարիներին Օսմանյան կայսրությունում գերմանական ստորաբաժանումներում ծառայության ժամանակ իր տեսածն ու ապրածը գրի առած Աիրմին Վեգների որին՝ Մայքլ Վեգները հիշեցրել է իր հոր պատմական աշխատանքը: