Վիլեն Շատվորյան. Ցեղասպանության ժխտման փաստը դրա շարունակությունն է
Ուկրաինայի 500 հազարանոց հայ համայնքի համար Հայոց ցեղասպանության ճանաչումը շատ կարեւոր է: Հայերը շատ զգայուն են այդ հարցում, նշել է Ուկրաինայի հայերի միության նախագահ, ժողովրդական պատգամավոր Վիլեն Շատվորյանը:
«Ներկայիս հայկական սփյուռքի հիմնական մասը ձեւավորվել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հետեւանքով… Ինչը չի սպանում, ուժեղացնում է մեզ, եւ նրանք, որոնց երակներում հայի արյուն է հոսում, կհիշեն եւ կանեն ամեն հնարավորը, որպեսզի արդարությունը հաղթի: Իսկ արդարության հարկավոր է հասնել օրինական ճանապարհով՝ առանց վնասելու այն երկրին, որը որդեգրել ու ապրելու եւ երեխաներ մեծացնելու հնարավորություն է տվել:
Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը առաջին հերթին հարգանքի տուրք է զոհերի հիշատակին, ինչպես նաեւ ապագայում նման երեւույթների կանխում:
Օրինագիծը Գերագույն ռադա ներկայացնելով՝ ակնկալում ենք մեր գործընկերների՝ ժողովրդական պատգամավորների սատարումը… Ցավոք, Ցեղասպանության հետեւանքները մինչ այժմ վերացված չեն, եւ մենք առավելագույն ջանքեր կգործադրենք հայկական հարցի արդարացի լուծման հասնելու ուղղությամբ: Հարկավոր է հասկանալ, որ Ցեղասպանության ժխտման փաստը դրա շարունակությունն է», – հայտարարել է Վիլեն Շատվորյանը, գրում է Analitika.at.ua-ը:
Հիշեցնենք, Ուկրաինայի Գերագույն ռադայում հունիսի 6-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ էր գրանցվել: Նախաձեռնության հեղինակները պատգամավորներ Վիլեն Շատվորյանն (Ռեգիոնների կուսակցություն) ու Արսեն Ավակովն («Բատկիվշչինա») են:
News.am