Թուրք ռեժիսորի բաց «Վերքը»…
Այս լուսանկարն արվել է 2014 թվականի նոյեմբեր ամսին՝ Գերմանիայում: Լուսանկարում Ֆրանսիայում ապրող մեր հայրենակից, ճանաչված օպերային երգիչ Ադամ Բարրոն է (Մուրադ Ամիրխանյան) և թուրք հայտնի ռեժիսոր Ֆաթիհ Աքընը, մեծ աղմուկ հանած «Վերքը» (The Cut) ֆիլմի ռեժիսորը:
Հայ և թուրք, Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց միասին ասում են՝ Ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս քայլով միանալով համացանցում մեծ տարածում գտած շարժմանը:
Ճանաչել… Ասել է թե առերեսվել սեփական պատմությանը, որից այդքան խուսափում են թուրքերը: Թեև նրանց մեջ գտնվում են մարդիկ, ովքեր կարողանում են անցյալին բաց աչքերով նայել, ինչպես գերմանաբնակ ռեժիսոր Ֆաթիհ Աքընը, ով իր «անցյալը» ճանաչել է 18-20 տարեկանում. «Երբ իմացա, որ նման բան է եղել, սկսեցի ուսումնասիրել: Կարդում էի ձեռքս ընկած ամեն բան, ինչը վերաբերում էր այդ թեմային, լիներ՝ գիրք, փաստաթուղթ կամ թե պատմություն: Ի դեպ, բավականին շատ չհրապարակված պատմություններ կան, կարևոր պատմություններ: Պետք է բոլորն իմանան դրանց մասին»:
Ու տարիներ անց նկարահանում է իր «Վերքը» ֆիլմը, որը նույն ուղերձն ունի՝ Ճանաչել… Ֆիլմ, որը, ռեժիսորի խոսքերով, նախևառաջ նկարահանվել է թուրքերի համար, որպեսզի. «Դիտենք, ուսումնասիրենք, ճանաչենք մեր անցյալը: Պետք է մեր «երեկը» իմանանք, որ այսօր կարողանանք առաջ քայլել: Թեև շատ մարդիկ չեն ցանկանում տեղեկանալ իրենց անցյալի մասին»:
Ու այդ պատճառով այդ «երեկը» շարունակում է ոչ միայն անցյալ լինել, այլև ներկա ու ապագա այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհի որևէ անկյունում կգտնվեն մարդիկ, անկախ ազգությունից, որ կասեն՝ Ճանաչել Հայոց ցեղասպանությունը…
Լուսինե Աբրահամյան