Մայր Արաքսը վկան էր հայերի ջարդին. համահայկական շարժման լուսանկարներ Արաքսի ափից

ՀՀ սփյուռքի նախարարության «Հայոց ցեղասպանության հետևանքով միլիոնավոր մանուկներ լույս աշխարհ չեկան» համահայկական շարժումը  օրեցօր մեծ հնչեղություն է ստանում թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում: Շարժմանը մասնակից դարձան նաև Արմավիրի մարզի Ջանֆիդայի Է.Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները: Նրանք լուսանկարվել են Մայր Արաքսի ափին, որը մեծ խորհուրդ է պարունակում իր մեջ. գաղթի ճանապարհին հայերին սպանելով կամ կենդանի վիճակում՝ վայրագ թուրքերը գետի վրայով ձգվող կամրջից  նետում էին Արաքս գետը: Շատ հաճախ հենց գաղթյալներն էին երեխաների հետ ճարահատյալ իրենց գցում գետը՝ վերջ տալով  չարչարանքներին: Այս ամենի վկան էր Մայր Արաքսը, քանի որ ակամայից իր գիրկն էր առնում գլխակորույս զավակներին: Գրականության մեջ նշվում է, որ գարնանը գետը  պղտոր է վարարել, և այնքա՜ն շատ դիակ է լցված եղել ջրում, որ ամբողջությամբ արյուն է  հոսել: Որքա՜ն տառապանք, որքա՜ն ցավ ու պահանջ կա քո հոգում, Արա՛քս: Եվ հիմա 21-րդ դարի սերունդը,  ափերիդ  հայի խրոխտ ոգով կանգնած, քեզ հետ միասին հիշելով և պահանջելով  գոչում  է՝ «Հայոց ցեղասպանության հետևանքով միլիոնավոր մանուկներ լույս աշխարհ չեկան»…

Հ.Գ.-Ինչպես տեղեկացրել էինք, վերջերս ծրագրին մասնակցեցին  նաև Հալեպի ազգային-դպրոցների (Սահակյան, Գյուլբենկյան, Հայկազյան, Զավարյան և Ազգային մանկապարտեզ) աշակերտները: Երեխաների թիվը հասնում է ավելի  քան 700-ի: Նրանց լուսանկարները ևս ազդեցիկ են և հուզիչ. հալեպահայ երեխաները  լուսանկարվել են Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ներքնահարկը պատկերող պաստառի ետնակարով:

Հիշեցնենք, որ մինչև այժմ շարժմանը մասնակցել է շուրջ 6500 երեխա՝ աշխարհի 13 երկրից:

Երեխաներին այս պաստառը  ձեռքում պահած պետք է լուսանկարել Հայոց ցեղասպանությունը հիշեցնող հուշակոթողի կամ նկարի մոտ, ապա լուսանկարն ուղարկել hayernaysor@gmail.com էլեկտրոնային հասցեով:

ar1ar2ar3ar4ar5ar6ar7ar8

Scroll Up