Էյուփի հայերը. թուրքական կայքի անդրադարձը 100-ամյա «ապրիլյան ցավերին»
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/04/eyup.thumb_.jpg)
Թուրքական «Արդար հիշողություն» կայքն անդրադարձել է Ստամբուլի Էյուփ թաղամասում նախկինում ապրած հայերին և 100 տարի առաջ տեղի ունեցած ապրիլյան ցավերին։
Tert.am-ը ներկայացնում է հոդվածը մասնակի կրճատումներով.
«Ապրիլը բոլոր հասարակություններում գարունն է խորհրդանշում։ Եթե անգամ անունները տարբեր լինեն՝ դա գարնան տոնն է։ Գարնան ամենագեղեցիկ ամիսը՝ ապրիլը, սակայն, պատմության մեջ միայն տոն չի եղել, այս հողերում ապրողների մոտ այն ամեն գալուց ցավալի հուշեր է արթնացնում։
100 տարի է՝ պետությունները, ազգերը կամ պատմաբանները քննարկում են, բայց ցավերը փոխադարձ են։ Խիղճ ունեցող յուրաքանչյուր ոք գիտի, որ ցավը ռասա, կրոն կամ ազգություն չունի, չպիտի ունենա։
Ինչպես մեծ գրող Յաշար Քեմալն էր ասում՝ «Այդ լավ մարդիկ մի օր ձիեր նստեցին ու հեռացա՞ն։ Այդ տարբեր մշակույթներն ու ավանդույթներն ունեցող մարդիկ, որոնք մի ժամանակ շատ էին, ժամանակի ընթացքում քչացան ու փոքրամասնություն դարձան։ Նրանք մեր թաղերում ամառային կինոթատրոններում մեր կողքին նստող, նույն շուկաներից առևտուր անող մարդիկ էին։ Զատկի տոնին փռից նոր դուրս եկած զատկական չորեքն ուտելն այլ հաճույք էր այդ ժամանակ»։
Ստամբուլի Էյուփ Սուլթանում հայեր միշտ են եղել։ Այսօր էլ կա՞ն արդյոք։ Նիշանջա թաղամասի Քարայե փողոցում նախկինից մնացած մի եկեղեցի կա, որն առնվազն հիշեցնում է, որ նախկինում նրանք գոյություն են ունեցել այս փողոցներում։ Նախկինում միմյանց այդքան նման չէինք, գուցե ստիպված չէինք նման լինել, պարզապես կողք-կողքի ապրող մարդիկ էինք։
Մեր կրոնները կամ ազգությունը կարևոր չէին, իսկ այժմ Էյուփ Սուլթանում բնակվող հայ ընտանիքների վերաբերյալ աղբյուր գտնելը շատ դժվար է։
Թաղամասի Սուրբ Աստվածածին եկեղեցին, ենթադրաբար, 17-րդ դարում է կառուցվել։ Ավելի վաղ եկեղեցու տեղում փոքր փայտաշեն եկեղեցի է եղել, որը, թեև 1785 թվականին մասամբ այրվել էր, կանգուն մնացած մասում շարունակել են պատարագ մատուցել։
Եկեղեցին 1812-ին դարձյալ վերակառուցվել է, սակայն մինչ այժմ եկեղեցում պահպանված մի վկայության համաձայն՝ 1824 թվականին Դադյան ընտանիքի աջակցությամբ, իսկ 1926 թվականին եպիսկոպոս Սմբատ Քազազյանի ջանքերով է վերակառուցվել։
Այն դեռևս գործում է»։