Ավստրալիան ապրիլի 24-ին պաշտոնական պատվիրակություն չի ուղարկի Հայաստան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/03/Ավստրալիա1-300x225.jpg)
Ավստրալիայի կառավարությունը ապրիլի 24-ին պաշտոնական պատվիրակություն չի ուղարկի Հայաստան Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար։ Այս մասին տեղեկացնում է SBS ավստրալական հեռուստաընկերության կայքը՝ վկայակոչելով Ավստրալիայի ԱԳՆ-ին, գրում է news.am-ը։
Նախարարությունում հրաժարվել են մեկնաբանել այդ որոշման պատճառները, եւ չեն պատասխանել հարցին, թե Ավստրալիան Երեւան ժամանելու պաշտոնական հրավեր ստացել է, թե ոչ։
Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Վաչե Ղահրամանյանը հայտարարել է, որ Ավստրալիան նույնպես դարձել է Անկարայի վարած «բերանը փակելու քաղաքականության» զոհը։ «Մենք ողջ երկրի տարածքում խորհրդարանի տարբեր անդամներից լսում ենք ան մասին, որ Թուրքիան Չանաքալեն եւ ճակատամարտի 100-ամյակն օգտագործում է որպես հաղթող խաղաքարտ, որպեսզի Ավստրալիան պաշտոնապես չճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- հայտարարել է Ղահրամանյանը։