Ավստրալական Ուիլաբիի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող միջնորդագիր
Սիդնեյի հյուսիսային ափին գտնվող ավստրալական Ուիլաբի վարչական տարածքի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող միջնորդագիր:
Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի փոխանցմամբ՝ մայիսի 11-ին Ուիլաբիի քաղաքային խորհուրդը քննարկել է միջնորդագիրը, որում նշվում է. «Ուիլաբի քաղաքի խորհուրդը ճանաչում է հայ, հույն և ասորի ժողովուրդների դեմ Օսմանյան կառավարության կողմից 1915-1922 թվականների ընթացքում իրականացրած ցեղասպանությունը և դատապարտում այս և մյուս բոլոր ցեղասպանական գործողություններն ու մարդկության դեմ հանցագործությունները` որպես անհանդուրժողականության բացարձակ դրսևորում»:
Միջնորդագիրը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում ներկայացրել է ավստրալահայ համայնքի վաղեմի բարեկամ, քաղաքային խորհրդի անդամ Ջոն Հուփերը:
Այս կերպ Ուիլաբին դարձավ ավստրալական երկրորդ ինքնակառավարման մարմինը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այստեղ են բնակվում հազարավոր հայեր, գործում են հայկական եկեղեցիներ և համայնքային կենտրոններ:
Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին ինքնակառավարման մարմինը եղել է Ռայդ քաղաքը: