Քրդական կուսակցությունը Ստամբուլում առաջադրելու է հայ Կարո Փայլանի թեկնածությունը
«Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից մեծամասնական ընտրակարգով Թուրքիայի առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի նաև քրդական կուսակցության կենտրոնական գործադիր խորհրդի անդամ Կարո Փայլանը, գրում է Artsakhpress-ը:
Այս մասին թուրքական «Ռադիկալ» պարբերականին հայտնել է կուսակցության անանուն աղբյուրը։
Ըստ պարբերականի ունեցած ոչ պաշտոնական տվյալների՝ ի թիվս մի քանի այլ թեկնածուների՝ ԺԴԿ-ն հայկական համայնքը ներկայացնող Փայլանին առաջադրելու է Ստամբուլում։ Նշվում է, որ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի թեկնածությունը նույնպես առաջադրվելու է Ստամբուլից։
Հիշեցնենք, որ բացի Փայլանից, ԺԴԿ-ի ցուցակով Թուրքիայի ազգային մեծ ժողովի ընտրությունների համար պայքարելու դիմում են ներկայացրել ևս վեց հայկական արմատներ ունեցող գործիչներ՝ Մուրաթ Մըհչըն, Ֆիլոր Ուլուքը, Դիրեն Ջևահիր Շենը, Ֆիքրի Չալըշի, Նվարդ Բաքըրջըօղլուի և Զաքարիա Սաբունջուն։
Հարկ է նշել, որ ազգությամբ հայ պատգամավորի «թեկնածության թեկնածուներ» կան նաև թուրքական մյուս երկու՝ իշխող «Արդարություն և զարգացում» և ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունների ցուցակներում։